Թուրքիան դուրս է գալիս ԵՍԶՈՒ պայմանագրից
Ըստ ամերիկյան «Bloomberg» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ից կասեցնելու է Թուրքիայի պարտավորությունները Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրում (ԵՍԶՈւ): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այս քայլը Թուրքիային հավասարեցնում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի քայլերի հետ՝ ի պատասխան ԵՍԶՈՒ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալուն։ Այն ժամանակ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ իր որոշումը կուժեղացնի պայմանագրի զսպման և պաշտպանական կարողությունները՝ վերացնելով ռազմական գործողությունների վրա ազդող սահմանափակումները»,- գրում է «Bloomberg»-ը։
Թուրքիայի որոշումը նաև ազդարարում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ մայիսին Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանն ընդառաջ։ Կողմերը վերջերս բանակցություններ են վարել անվտանգության և էներգետիկ ոլորտների բարելավման, ինչպես նաև թուրքական պայթուցիկ նյութերի գնումների ավելացման ուղղությամբ՝ դրանք Ուկրաինա ուղարկելու համար։
Bloomberg-ը նշում է, որ Թուրքիան ձգտել է կապերը պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, սակայն ժամանակի ընթացքում դա գնալով դժվարանում է։
Հիշեցնենք, որ 1990թ. նոյեմբերի 19-ին ստորագրված հիշյալ պայմանագրի նպատակն էր նվազեցնել սովորական հարձակողական սպառազինությունը ՆԱՏՕ-ի և նախկին Վարշավայի պայմանագրի երկրների կողմից: Պարտավորությունները ներառում էին սովորական սպառազինությունների հինգ կատեգորիաներ՝ տանկեր, զրահապատ մարտական մեքենաներ, հրետանի, մարտական ինքնաթիռներ և հարվածային ուղղաթիռներ: