Ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ. Բլինքենը` Ալիևին

Ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները,  Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել այն մասին, որ ապրիլի 5-ին կայանալիք ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի միջև եռակողմ հանդիպումն առաջացնում է ադրբեջանական կողմի մտահոգությունը և կարևոր է համարում այդ հարցի պարզաբանումը, մասնավորապես, խոսելով նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պետքարտուղարն ընդգծել է, որ առաջիկա հանդիպման հիմնական էությունը կազմելու են Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը:

Իլհամ Ալիևը նշել է, որ եռակողմ հանդիպման նախապատրաստման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը և համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանին Եվրոպական միության Խաղաղության մեխանիզմի գծով և ԱՄՆ բյուջեի հաշվին զինելը: Նա ընդգծել է, որ հակաաադրբեջանական բնույթ ունեցող նման քայլերը, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելու քաղաքականությունը, նպաստում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և հանգեցնում սադրանքների:

Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ապրիլի 5-ի հանդիպումն Ադրբեջանի դեմ չէ:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Իլհամ Ալիևը նշել է, որ Բեռլինում արտգործնախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ օգտակար են գործընթացն առաջ մղելու տեսանկյունից և անհրաժեշտ են բանակցություններն արագացնելու համար: Ալիևը նաև ընդգծել է, որ Արևմուտքում Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի մտադրության մասին առաջադրված մեղադրանքները լիովին անհիմն են:

Իլհամ Ալիևը Բլինքենի հետ զրույցում նշել է, որ ապրիլի 2-ի մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարը ստել է և մեղադրել Ադրբեջանին Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի համար սպառնալիքի աղբյուր լինելու մեջ: Ադրբեջանի նախագահն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին:

Ալիևի կարծիքով՝ ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպման ոչ թափանցիկ նախապատրաստումը, որը նախատեսված է ապրիլի 5-ին, ներառական բնույթ չի կրում և չի հետաձգվում, չնայած Ադրբեջանի արդարացի դիտողություններին, կհանգեցնի ոչ թե խաղաղության և համագործակցության, այլ բաժանարար գծերի ստեղծման և, որպես հետևանք, Հարավային Կովկասում լարվածության:

Տեսանյութեր

Լրահոս