
Ադրբեջանը հաճախ ՀՀ-ին է մեղադրում էսկալացիայի համար․ ՀՀ-ն հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է խուսափել հակամարտությունից Հարավային Կովկասում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ադրբեջանը հաճախ ՀՀ-ին է մեղադրում էսկալացիայի համար․ՀՀ-ն հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է խուսափել հակամարտությունից Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Մենք խոսեցինք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքի տակ, և թույլ տվեք ասել ձեզ, թե որքանով ենք մտահոգված այս կապակցությամբ, հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի չափից դուրս է դառնում:
Մենք ավելի ու ավելի շատ կեղծ լուրեր ենք տեսնում, և նրանք հաճախ Հայաստանին են մեղադրում էսկալացիայի համար, թեև Հայաստանը հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է և փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այդ հատվածում:
Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր և կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում ԿՈՊ29-ից 6 ամիս առաջ»,- ասել է նա։