Տավուշը մնացել է մեր միակ սահմանային հատվածը, որը 30 տարիների ամրության բարձր մակարդակ ունի. Գագիկ Մինասյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Տավուշում իշխանությունների առաջ մղվող օրակարգերի բուն էությանը՝ առկա անվտանգային իրողությունների համատեքստում:
Հանրապետական գործիչը հիշեցրեց՝ Արցախի և Ադրբեջանի սահմաններն այժմ գոյություն չունեն, ադրբեջանցիները կարողացել են ներխուժել նաև ՀՀ տարածք, իսկ աահմանների վրա բոլոր բարձունքները, ըստ էության, գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ու մենք չունենք այն ամրության սահմանները, որոնք կային Տավուշում:
«Տավուշը մնացել է մեր միակ սահմանային հատվածը, որը 30 տարիների ամրության բարձր մակարդակ ունի։ Հիմա այս դավաճաններն առաջարկում են, որ այդ սահմանահատվածը ևս խարխլվի. ադրբեջանցիները ներխուժեն այդ սահմաններից ներս: Եվ մենք արդեն Հայաստան-Ադրբեջան սահմաններում չենք ունենա որևէ պաշտպանված սահման։
Իսկ եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ասում են՝ իրենց տերմիններով՝ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանը չհամաձայնվի տալ, ապա այն կվերցնեն ուժի կիրառմամբ: Այդ պարագայում տեսեք, թե ինչ է նշանակում Տավուշը. եթե նրանք ռազմական գործողություն են ուզում ծավալել Սյունիքում, որպեսզի վերցնեն «Զանգեզուրի միջանցքը», իրենք միշտ պետք է Տավուշում ունենային լուրջ զինվորական միավորումներ, որպեսզի հակառակ հարվածը չստանային Հայաստանի կողմից՝ Տավուշից, իսկ հիմա՝ ճիշտ հակառակը՝ մենք այլևս որևէ հարձակողական գործողություն չենք կարող իրականացնել՝ ի պատասխան Սյունիքի վրա նրանց հարձակման և դեռ մի բան էլ ավելին՝ մենք պետք է այնտեղ էլ հավելյալ ռազմական ուժ կենտրոնացնենք, որպեսզի երկրորդ հարվածը չստանանք Սյունիքից»,- մանրամասնեց Գագիկ Մինասյանը: