Այո՛, ինքնահռչակ «ազգի փրկիչներ», դուք պա՛րտք եք. ընտրովի բնապահպանություն, կամ՝ պատեհապաշտ բնապահպանի օրագիրը

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառահատումների վերաբերյալ քննարկում-բանավեճերը պարբերաբար դառնում են սոցցանցերի օգտատերերի և ԶԼՄ-ների թոփ թեման։ Ծառահատումների վերաբերյալ այդ բանավեճերում որոշ օգտատերեր իրենց դժգոհությունն էին արտահայտել, որ այդ թեման, փաստորեն, բնապահպանական գործունեությամբ հայտնի ակտիվիստների ուշադրությանը չի արժանանում, նրանք լուռ են, ինչպես աղտոտված ջրերի ձուկը։ Համենայնդեպս, ոչ ոք բողոքի ակցիաներ չի իրականացնում, նստացույց չի անում, ճանապարհ չի փակում, ինչպես արվում էր ամեն պատեհ ու անպատեհ առիթով նախկինում՝ մինչև 2018-ի տխրահռչակ հեղափոխություն կոչվածը։

Այս դիտարկումները բարկացրել են ակտիվիստներից ոմանց։ Նրանք սոցիալական մեդիայի էջերից պատասխան հաթաթաներ են տալիս իրենց հաթաթա տվողներին, թե՝ մենք ձեզ պարտք չենք, որ դուք ձեր տաքուկ օֆիսներում նստեք, իսկ մենք ձեր փոխարեն քաղաքապետարանի ծառահատումների դեմ պայքարենք։

Ընդհանրապես, հայաստանյան բնապահպան ակտիվիստները հաճախ են այսպես արձագանքում բոլոր այն դեպքերում, երբ իրենց մեղադրում են անգործության մեջ։ Հատկապես վերջին տարիներին, երբ ակտիվիստական անգործությունը շատ ավելի օրհասական թեմաների շուրջ շատ նկատելի է։ «Մենք ձեզ պարտք չենք»,- ասում են նրանք։

Թույլ տվեք այս կապակցությամբ հակադարձել. Դո՛ւք, հարգելի ակտիվիստներ, ինքնահռչակ «ազգի փրկիչներ», մեզ՝ իմա՝ հասարակությանը, պարտք եք, և ահա թե ինչու։

Կարդացեք նաև

Ոչ ոք ձեզ չի ստիպել ստանձնել բնապահպան առաջամարտիկի դերը նախկինում։ Դուք եք ինքնահռչակվել տարիներ շարունակ։ Դուք եք որպես «անշահախնդիր հերոս» ներկայացել հազարավոր մեդիա-հաղորդումներում, ամիսներով չեք իջել մամուլի, հեռուստատեսության էջերից ու հասարակությանը դասեր տվել, թե ինչպես է պետք սիրել կամ «պաշտպանել» հայրենիքը։ Ձեր «պայքարի» իրավացիության հասցեին մամուլում հնչած ցանկացած կասկած արժանանում էր կատաղի հարձակումների։

Այս ակտիվիստները ժամանակին վայելում էին տարբեր ԶԼՄ-ներում գրեթե ամենօրյա եթերները, որոնց շնորհիվ հայտնի դարձան՝ որպես «ոլորտի մասնագետներ», ցավոք, շատ հաճախ՝ մասնագիտական որևէ գիտելիք չունենալով։  Հասարակությունը, հատկապես՝ դրա որոշ շերտեր, նրանց դարձրել են «հերոս», «մասնագետ», «փորձագետ»։ Ավելին՝ առանց որևէ մասնագիտական գիտելիքի, նրանցից շատերը հանրային տարբեր հարթակներում, որպես «մասնագետ»՝ տարածել են թեզեր, որոնց ձեռքը մինչև հիմա «կրակն ենք ընկել»։ Մինչ Ադրբեջանը զինվում էր, այս մարդիկ տասնամյակներ շարունակ եթերներից հասարակությանը «կրթում» էին, թե՝ հանքերը փակենք՝ էկոտուրիզմով ապրենք, մուրաբա-պահածո պատրաստելով՝ տնտեսություն զարգացնենք։

Հետևաբար՝ երբ հասարակությունը հարցնում է՝ իսկ ո՞ւր են «բնապահպանները», որոնք զօրուգիշեր պատրաստ էին կանգնել Ամուլսար գնացող ճանապարհին, որոնք արշավներ էին կազմակերպում Թեղուտ՝ հայրենիքը չսիրելու մեջ մեղադրելով «տաքուկ օֆիսներում նստածներին», հասարակությունն այդ հարցը տալու բոլոր իրավունքներն ունի։ Այլապես արդարացի և լուրջ կասկած է առաջանում, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես հաստատվում է համոզմունքը, որ բոլորովին այլ դրդապատճառներ ունեին այն ժամանակ՝ 2018-ի հեղափոխություն կոչվածից առաջ՝ «պայքարելու», իսկ հիմա՝ այդ պայքարից «հոգնելու»։

Ավելին, այս մարդկանցից ոմանք հասարակությանը շատ կոնկրետ, ֆինանսական պարտք ունեն։ Երբ մասնագետ ու փորձագետ ներկայանալով՝ օր ու գիշեր համոզում էին հասարակությանը, որ այս կամ այն ծրագիրը պետք է փակել, երբ տապալում էին խոշոր օտարերկրյա ներդրումը, բոլոր նրանց, այդ թվում՝ մամուլին, ով համարձակվում էր նրանց պայքարի արդարացիությունը կասկածի տակ դնել, մեղադրում էին «ծախված» լինելու մեջ։ Հիմա, երբ այդ նույն հանքարդյունաբերական ծրագիրն արդեն պետական փայով, ամենայն հավանականությամբ, իրականանալու է, դեռ մի բան էլ մեծ է հավանականությունը, որ ներդրողները Հայաստանի դեմ ներկայացրած մի քանի հարյուր միլիոնի հայցը հաղթելու են, այս մարդիկ, պարզվում է, ոչ մեկին «պարտք չեն»։

Կերած դրամաշնորհները՝ գրանտները, կամ այլ երկրներում տեղավորված, հայրենիքը հեռվից փնովող «ակտիվիստները» վկա:

Տեսանյութեր

Լրահոս