
«Մարտական եղբայրության» բերման ենթարկված անդամների թիվը 3 տասնյակից ավելին է

Բերման են ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Արման Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը և Գարիկ Սարգսյանը, որոնք գտնվում էին Ոսկեպարում։ Այս մասին տեղեկանում ենք միաբանության ֆեյսբուքյան էջից:
Մեկ այլ գրառումից հայտնի է դարձել, որ վերջին տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։
«Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին», – նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:
Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։
«Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը։
Մեկ այլ գրառմամբ հաղորդվել էր այլ ձերբակալվածների մասին, սակայն անուններ չեն հրապարակվել: Հայտնի է, որ որպես ձերբակալման հիմնավորում բերվել է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։