Սոցապնախարարությունը 28 միլիոնից ավելի դրամաշնորհ է հատկացրել մասնագիտական կողմնորոշման և վերապատրաստման ծառայությունների համար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն օրերս խոշոր դրամաշնորհ է տրամադրել Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
28 միլիոն 171.200 դրամ արժողությամբ պայմանագրով ՊՈԱԿ-ը պարտավորվել է իրականացնել մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովման և կադրերի վերապատրաստման ծառայություններ:
Պայմանագրով ակնկալվում է, որ այս ծրագրի իրականացումից հետո կլինի մշակված մեկ ձեռնարկ՝ «ՄՍԾ տարածքային կենտրոնների մասնագետների կողմից մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայությունների մատուցման ուղեցույց», վերապատրաստված թվով 140 մասնագետ մարզերում և մայրաքաղաքում, մասնագետների մեթոդական աջակցություն ստացած 300 ոլորտի ներկայացուցիչ:
Ի դեպ, սոցապնախարարությունը 2022 թվականից ի վեր միլիոնավոր դրամների 21 դրամաշնորհ է հատկացրել Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ ՊՈԱԿ-ին:
Այս տարի արդեն 2 դրամաշնորհ է ստացել ՊՈԱԿ-ը: Նախորդը՝ փետրվարին՝ 106 միլիոն 300.600 դրամի չափով: