Այս իշխանությունների օրոք ամեն ինչ հնարավոր է, բայց  ատոմակայանը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո. Արմեն Մանվելյան

Ադրբեջանական կողմը հերթական աղմուկն է բարձրացրել Մեծամորի ատոմակայանի համար՝ հայտարարելով, որ այն պետք է փակվի։

Այսպիսով՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում օրերս մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։

Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք գագաթնաժողովի ղեկավարությանը կոչ են արել ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։

Գրեթե նույն պահանջն է պարբերաբար առաջ քաշում նաև Թուրքիան։

Կարդացեք նաև

168.amէներգետիկ ոլորտի փորձագետ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն պետք է լինեն հայկական կողմի հակադարձումներն ադրբեջանական և թուրքական այս պահանջներին, արդյո՞ք այսքան ժամանակ նման հակադարձումներ եղել են, և, ի վերջո, Ադրբեջանն այստեղ կարո՞ղ է որևէ արդյունքի հասնել՝ ինչպես իր մյուս պահանջների դեպքում։

Ըստ Արմեն Մանվելյանի, Ադրբեջանի այդ պահանջները նոր չեն, պարբերաբար Ադրբեջանն ու Թուրքիան ատոմակայանի միջոցով շանտաժ են անում հայկական կողմին։

«Ադրբեջանի այս պահանջները քաղաքական նպատակ են հետապնդում, քանի որ ատոմակայանը տեխնիկական որևէ խնդիր չունի։ Մեր ատոմակայանը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։ Ընդհանուր առմամբ ատոմակայանի անվտանգության համար վերջին 30 տարում մոտ 200 մլն դոլար գումար է ծախսվել, ՄԱԳԱՏԷ-ն համարում է, որ սա լիովին բավարար է և խնդիրներ չունի: Այսինքն՝ ՄԱԳԱՏԷ-ն է այն միակ կառույցը, որը կարող է ասել, երաշխավորել և խորհուրդ տալ, թե ինչ է պետք անել։ Տվյալ դեպքում մնացած բոլոր երկրների հայտարարությունները մանիպուլյացիաներ են, որոնք արվում են քաղաքական նպատակով, որպեսզի Հայաստանին ծնկի բերեն»,- նշեց Արմեն Մանվելյանը։

Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի վրա ճնշումներն իսկապես մեծացել են, քանի որ պարբերաբար պահանջում են փակել ՀՀ ատոմակայանը։

«Իրականում ես ՀՀ իշխանություններից պատասխան կամ հակադարձում չեմ լսել Ադրբեջանի այդ պահանջներին։ Հիմա արդյո՞ք Ադրբեջանը կարող է մի օր հասնել իր պահանջների կատարմանը՝ այս իշխանությունների օրոք ոչինչ բացառված չէ՝ չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել։ Հաշվի առնելով այս իշխանությունների աշխատելաոճն Ադրբեջանի հետ, բացառել, որ մի օր կարող են գնալ ատոմակայանը փակելու ճանապարհով՝ չի բացառվում, ամեն ինչ է հնարավոր»,- եզրափակեց Արմեն Մանվելյանը։

Տեսանյութեր

Լրահոս