Քանի հազար կյանք է արժեցել և քանի հազար քկմ է արժենալու Փաշինյանի իշխանությունը

Իշխանության, պետության ղեկավարի գործունեությունը գնահատվում է տարբեր չափանիշներով։ Մեկի դեպքում դա պաշտոնավարման շրջանում պետության տնտեսական աճն է, երկրորդի համար, օրինակ՝ ներքին ու արտաքին դիմադրողականության բարձրացումը, երրորդը կարող է գնահատվել բարեփոխումների որակով։

Նման չափանիշներով գնահատվում են հարաբերականորեն հաջողված ղեկավարներն ու իշխանությունները։ Տարածաշրջանում ամենաերջանիկ պետությունը համարվող (իշխանական քարոզչության կողմից տարածվող ինչ–որ տափակ ընկերության հարցումների համաձայն) Հայաստանի պարագայում պատկերը միանգամայն այլ է։

Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին մի քանի տարիների հավաքական գնահատականն արցախյան 44-օրյա պատերազմում ու դրանից հետո տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ արձանագված հազարավոր զոհերն են։ Դժոխային է հնչում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության համար հայ հասարակությունը վճարել է սեփական զավակների կյանքով, և նրա պաշտոնավարման ավարտին, որն անխուսափելիորեն տեղի է ունենալու, նույն հասարակությունը ստիպված է լինելու հնչեցնել հարցը՝ «քանի՞ կյանք արժեցավ Փաշինյանի իշխանությունը», ու պատասխանել՝ հաշվելով սեփական որդիների գերեզմանները։

Մարդկային կյանքերով  չափվող դժոխային այս իրականությունն աստիճանաբար փոխակերպվում է մեկ այլ ողբերգականության։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը մտել է տարածքներ հանձնելու ակտիվ փուլ և սկսել է Տավուշի մարզի չորս գյուղերից։

Եթե նրա այս քաղաքականությունը հակազդեցության չարժանանա, և առաջիկայում սկսի հերթով բավարարել Ադրբեջանի տարածքային պահանջները, կարճ ժամանակ հետո հայ հասարակության համար հարցադրումը փոխվելու է, և Փաշինյանի պաշտոնավարման մայրամուտին հարցը հնչելու է այլ կերպ՝ «քանի՞ հազար քառակուսի կիլոմետր արժեցավ Նիկոլ  Փաշինյանի իշխանությունը»։

Իրականում սա երկրորդվող հարց է, քանի որ 2020-2023 թվականերից հետո այդ հարցադրումը շատ որոշակի պատասխան ունի՝ ի դեմս Արցախի կորսված ավելի քան 8000 քառակուսի կիլոմետրի։
Նիկոլ Փաշինյանի դրդապատճառներն ու ինքնարդարացումը սատանայական են։ Ամենայն հավանականությամբ, նա մտածում է, որ եթե հասարակությունը գրեթե անտրտունջ զոհել է սեփական զավակներին, և դրանից հետո ինքը պահպանել է իշխանությունը, իրեն ոչինչ չի խանգարում հանձնել այդ նույն հասարակության մի մասի բնակավայրերն ու օջախները։

Հազարավոր զոհերից հետո սահմանային մի քանի տարածքների հանձնումն առաջին հայացքից կարող է պակաս ողբերգական թվալ, սակայն իրականում հանձնվող հողը հող է նախապատրաստելու հետագա նոր զոհերի համար։
Նիկոլ Փաշինյանի համար սեփական իշխանության գնահատման չափանիշը փռված ասֆալտն է։ Դա, բացի քարոզչական հարմարավետությունից, ունի նաև այլ՝ ենթագիտակցական ու հոգեբանական բացատրություն։

Որքան փոքրանում է Հայաստանի տարածքը, այնքան աճում է իշխանության փռած ասֆալտի չափը՝ տարածքի հետ տոկոսային հարաբերակցությամբ։

Ասենք, եթե հիմա փաշինյանական իշխանությունն ասֆալտապատել է Հայաստանի տարածքի, օրինակ, 1.5 տոկոսը, ապա Տավուշի մարզի տարածքները հանձնելուց հետո այդ թիվը կարող է դառնալ 1.6, կհանձնեն նոր գյուղեր՝ ասֆալտապատման տոկոսն ինքնաբերաբար կաճի, և այդպես շարունակ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ասֆալտապատված ճանապարհներն ու կառուցված դպրոցներն արյունոտ են, որովհետև դրանք իրականում փոխհատուցում են հասարակությանը՝ սեփական որդիների կյանքի դիմաց։

Եվ միայն հասարակությունը կարող է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի՝ արյունոտ ճանապարհներն ասֆալտապատելու հրեշավոր ընթացքը, հակառակ դեպքում՝ այդ ճանապարհներով շատ մոտ ապագայում անցնելու են հասարակության զոհաբերած որդիներին սպանողները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս