Վերականգնենք մեր ինքնորոշման իրավունքը, Արցախում չպետք է Ադրբեջան լինի, Արցախ` առանց Ադրբեջանի․ Միքայել Հաջյան

«Ադրբեջանի հանցագործություններն Արցախում պետք է համապատասխան միջազգային որակավորում ստանան»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում արցախցիների հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջյանը։

Նա նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ վերջին երեք տարում և նույնիսկ դրանից առաջ` սկսած 1980-ական թթ., փաստորեն միջազգային իրավական հիմքով ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն։ Հետադարձ հայացք ձգելով անցած տարիներին՝ Հաջյանը թվարկեց, 1988 թվականին Սումգայիթ՝ փետրվարին, 1990 թ․ Բաքու՝ հունվարին, Մարաղա՝ 1992 թվականի ապրիլին, Կիրովաբադ, Շամախի, Շամխոր և Ադրբեջանի այլ տարածաշրջաններ, որտեղ փաստորեն Ադրբեջանի իշխանությունների կազմակերպմամբ և նախաձեռնությամբ բռնատեղահանվել, խոշտանգվել, բռնությունների են ենթարկվել մեր հայրենակիցները։

Նրա որակմամբ, միջազգային հանրությունը համարժեք արձագանք չի տվել այս ամենին, իր իսկ մշակած, ընդունած իրավական դրույթները բաժանել է երկու մասի և դրանց հարաբերակցությունը որոշել է՝ ելնելով մեր տերությունների շահերից։

«Սակայն, ի վերջո, միջազգային հանրությունը պետք է ուշքի գա և հասկանա, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանի հայության հետ, Արցախի հայ ժոսղովրդի հետ, մի օր իր դռանն է չոքելու։ Այսօրվա մեր հանրահավաքը պետք է ևս մեկ պահանջ ներկայացնի միջազգային հանրությանը՝ անպայման Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները որակավորել՝ որպես ցեղասպանություն։ Այն կարծիքին եմ, որ ՀՀ ԱԺ-ն պետք է անպայման բանաձև ընդունի այդ կապակցությամբ, մասնավորապես՝ սեպտեմբերյան մեկօրյա պատերազմում արցախահայության բռնի տեղահանության կապակցությամբ և այն խոշտանգումների կապակցությամբ, որոնց ենթարկվել են մեր հայրենակիցներն Արցախում, մանավանդ՝ ծայրամասային բնակավայրերում, Վանք գյուղում երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց, սպանել մարդկանց։

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում մեզնից յուրաքանչյուրի համար, ոչ միայն զոհերի հարազատների համար։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, քաջատեղյակ է Մոսկվան, որի վեց բարձրագույն սպաները զոհվել են կամ սպանվել են ավելի ճիշտ, որովհետև նրանք ականատես են եղել այդ հանցագործություններին։ Արդյունքում՝ Բաքուն և Մոսկվան լեզու գտան, հաշտության հանգեցին, Ալիևը գումարներ փոխանցեց նահատակների ընտանիքներին, և հարցը վերջնականապես փակվեց։ Մենք պետք է բախենք միջազգային ատյանների դռները շարունակաբար»,- նշեց բանախոսը։

Նա նաև ասաց, որ բոլորս ապրում ենք մեկ զգացումով, մեկ ցանկությամբ՝ պետք է վերադառնանք Արցախ։

«Ես չեմ մտածում այնտեղ թողած գույքի մասին, այլ հայրենի հողի ու այնտեղ ամփոփված զավակների շիրիմների մասին։ Հարգենք մեր զոհված զավակների հիշատակը ու պահանջենք մեր վերադարձն Արցախ այն պարագայում, որ վերականգնենք մեր ինքնորոշման իրավունքը, այն պարագայում, որ Արցախում չպետք է Ադրբեջան լինի, Արցախ՝ առանց Ադրբեջանի»,- ասաց Միքայել Հաջյանը։

Տեսանյութեր

Լրահոս