«Եթե դրսում Ադրբեջանն օգտագործի Արցախի նախկին ղեկավարների հարցազրույցում արված հայտարարությունները՝ դրանք կընդունվեն սուլոցներով». Արա Ղազարյան
Ադրբեջանը հերթական անգամ խախտել է Բաքվի բանտերում պատանդառության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքները՝ նրանց ստիպելով հարցազրույցներ տալ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական «մարտաֆիլմն» են անոնսավորել, թե ինչպես են պատերազմ սկսել Արցախի դեմ, ապօրինի կալանավորել Արցախի նախկին ղեկավարներին ու բռնի տեղահանել արցախահայերին։ Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված անոնսից հայտնի դարձավ, որ հարցազրույցն արել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ընդգծեց՝ առհասարակ իրեն հարգող որևէ պետություն նման բան չի անի, պատանդառության մեջ գտնվող անձին չի ստիպի հարցազրույց տալ։
«Հենց Ադրբեջանի օրենքներով, ինչպես նաև տարբեր պետությունների օրենքներով նման բաներն արգելվում են։ Այսինքն՝ եթե նայում են մարդու իրավունքների տեսանկյունից, ապա նույն Ադրբեջանի օրենքով, միջազգային իրավունքով արգելվում է կալանքի տակ գտնվող անձանցից վերցնել հարցազրույց, որովհետև ի սկզբանե այդ հարցազրույցում հնչեցրած ցանկացած միտք արժանահավատ չի լինելու։ Մարդը գտնվում է անազատության մեջ, այն էլ՝ այնպիսի թշնամական մթնոլորտում, ինչպիսին Ադրբեջանն է։ Բնականաբար, նշանակում է, որ այդ ամենն արվում է ներքին լսարանի համար՝ զուտ պատերազմի պրոպագանդայի մաս է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ որևէ դատարան Արցախի նախկին ղեկավարների հարցազրույցներում հնչեցրած մտքերը չի կարող լուրջ ընդունել, քանի որ շատ հեշտ կարելի է դրանց արժանահավատությունը կասկածի տակ դնել՝ հենց դատավարական եղանակով։
«Հայկական կողմը կոնկրետ ոչինչ չի կարող անել, ուղղակի այդ հարցազրույցներից հետո պետք է որոշակի կամպանիա ծավալել Ադրբեջանի դեմ, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են դրանք, որպեսզի չկրկնվի։ Ադրբեջանը հաճախ է իր ձեռագիրը փոխում դատական գործընթացներով կամ գլոբալիստական ինչ-ինչ գործողությունների արդյունքում։ Սա մասնագետների նեղ շրջանակը տեսնում է, լայն հանրությունը կարող է չտեսնել։ Ուստի այս ամենին լուրջ պետք է հակադարձել։ Պարզ է, որ Արցախի նախկին ղեկավարներն իրենց հարցազրույցներում ինքնամեղադրող հայտարարություններ են անելու, երկրորդը՝ մեղադրելու են ՀՀ ղեկավարներին։ Առաջինն ինքնին անմեղության կանխավարկածի խախտում է, երբ կալանքի տակ գտնվող անձին ստիպում են ըստ էության ցուցմունք տալ ինքն իր դեմ՝ առանց փաստաբանի։ Այսինքն՝ կարելի է խնդրին մոտենալ այդ կերպ, որ մարդն ինքն իր դեմ ապացույցներ է ստեղծում, ինքն իր դեմ խոսում է»,- հավելեց Արա Ղազարյանը։
Միջազգային իրավունքի մասնագետը վստահ է, որևէ մեկը չի հավատալու այն հայտարարություններին, որոնք հնչելու են Արցախի նախկին ղեկավարների հարցազրույցներում, որովհետև նրանք գտնվում են թշնամական միջավայրում ու կալանքի տակ։ Որևէ դատարան նրանց հայտարարություններին չի հավատալու։
«Եթե դրսում Ադրբեջանն օգտագործի այդ հարցազրույցում արված հայտարարությունները, ապա, պատկերավոր ասած՝ դրանք կընդունվեն սուլոցներով, որովհետև կրկնում եմ՝ ժողովրդավարական պետություններում նման բան չեն անում։ Բայց դե, Ադրբեջանը մոռացել է, թե ինչ բան է ազատ արտահայտվելու իրավունք, ժողովրդավարություն և նման բաներ։
Վերջին 20 տարում Ադրբեջանում որևէ քայլ չեն արել ինչ-որ ինստիտուտներ զարգացնելու համար։ Հիմա այդ հարցազրույցներին Ադրբեջանում հասարակական կազմակերպությունները, ընդդիմությունը դեմ չեն արտահայտվել, չէ՞, պատկերացրեք՝ նույն բանն արվեր Հայաստանում, այստեղ ազատորեն այդ ամենը կքննադատվեր, որովհետև Հայաստանը համեմատած Ադրբեջանին՝ համարվում է ազատ երկիր։
Բազմաթիվ փաստարկներ կարելի է բերել, որ Արցախին նախկին ղեկավարների հարցազրույցները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական նշանակություն, եթե Ադրբեջանը փորձի դա որևէ կերպ օգտագործի։ Սա բացառապես կարող է օգտագործվել քաղաքական բանակցություններում, բայց ոչ իրավական գործընթացներում»,- եզրափակեց Արա Ղազարյանը։