
ԵՄ-ն Եգիպտոսին 7,4 միլիարդ եվրո է հատկացնում տնտեսության ամրապնդման համար. Financial Times

ԵՄ-ն Եգիպտոսի համար պատրաստում է դրամաշնորհների և վարկերի տեսքով 7,4 միլիարդ եվրոյի փաթեթ տնտեսությունն ամրապնդելու համար։ Սա տեղի է ունենում այն մտավախությունների ֆոնին, որ Գազայի հատվածում և Սուդանում հակամարտությունները կարող են Եգիպտոսում խորացնել ֆինանսական խնդիրները և ուժեղացնել միգրացիոն ճնշումը Եվրոպայի վրա: Այյս մասին հաղորդում է Financial Times պարբերականը:
Ինչպես նշում է հրատարակությունը, Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մարտի 17-ին Հունաստանի, Իտալիայի և Բելգիայի վարչապետների հետ կայցելի Կահիրե, որպեսզի ստորագրի համաձայնագիրը։ Սա կլինի ԵՄ-ի հերթական համաձայնագիրը Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ՝ ուղղված «Եվրոպայի շուրջ առկա տնտեսական անկայունության և Աֆրիկայից անկանոն միգրացիայի կանխմանը»:
Թունիսի և Մավրիտանիայի հետ կնքված նմանատիպ համաձայնագրերը նախատեսում են այդ երկրներին գումարի և այլ խթանների տրամադրում՝ իրենց սահմանների պահպանությունն ամրապնդելու դիմաց, չնայած քաղաքական գործիչների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից քննադատությանը` այս երկրներում մարդու իրավունքների հետ կապված վատ իրադրության և նման համաձայնագրերի կասկածելի արդյունավետության առնչությամբ: