Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը ժամանել են Իրան վարժանքների
ՌԴ խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը՝ «Վարյագ» գվարդիական հրթիռակիր հածանավի գլխավորությամբ, ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության Չաբահար նավահանգիստ՝ մասնակցելու «Անվտանգության ծովային գոտի – 2024» համատեղ ռազմածովային զորավարժություններին։
«Ռուսաստանի նավերը կմասնակցեն «Անվտանգության ծովային գոտի – 2024» համատեղ ռազմածովային զորավարժություններին: Դրանց կմասնակցեն նաև Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի նավեր, կատերներ և ծովային օդուժ։ Որպես դիտորդներ հանդես կգան Պակիստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Օմանի, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցիչները», – հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում։
Գերատեսչությունում մանրամասնել են, որ վարժանքների գործնական մասը տեղի կունենա Արաբական ծովի Օմանի ծոցի ջրատարածքում։ Զորավարժությունների հիմնական նպատակ է հայտարարվել ծովային տնտեսական գործունեության անվտանգության ապահովման մշակումը։
Նախարարությունում հավելել են, որ «Վարյագ» գվարդիական հրթիռակիր հածանավի հետ միասին զորավարժություններին կմասնակցեն արդիականացված «Մարշալ Շապոշնիկով» խոշոր հակասուզանավային նավը, Չինաստանի ռազմածովային ուժերի երկու մարտանավ և մատակարարման նավ, ինչպես նաև Իրանի ռազմածովային ուժերի տասը նավ, կատերներ, ապահովման նավեր և երեք ուղղաթիռ: