Բաժիններ՝

Պորտուգալիայի ընտրություններում աջ կենտրոնամետները և սոցիալիստական ​​կուսակցությունը գրեթե հավասար արդյունքներ են գրանցել

Աջ կենտրոնամետ Դեմոկրատական ​​դաշինքը և Սոցիալիստական ​​կուսակցությունը (ՍԿ), ըստ քվեաթերթիկների 99 %-ի հաշվարկի, գրեթե հավասարեցրել են Պորտուգալիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած արդյունքները։

Նշվում է, որ ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ ՍԿ-ն, որի առաջնորդը Պեդրու Նունու Սանտուշն է, ստանում է 77 մանդատ 230-տեղանոց Հանրապետության ժողովում (միապալատ խորհրդարան)։ Այդպիսով, սոցիալիստները վատթարացրել են իրենց դիրքը 2022 թվականի ընտրությունների համեմատությամբ, որոնց արդյունքներով նրանց բաժին էր հասել մանդատների բացարձակ մեծամասնությունը։

Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Լուիշ Մոնտենեգրուի գլխավորած Դեմոկրատական ​​դաշինքն ստանում է 76 մանդատ։ Ծայրահեղ աջ Chega կուսակցությունը խորհրդարանում ստանում է 48 տեղ՝ զգալիորեն բարելավելով իր դիրքերը նախորդ ընտրությունների համեմատությամբ։

Այսպիսով, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել Հանրապետության ժողովում ստանալ մանդատների բացարձակ մեծամասնությունը՝ անարգել կառավարություն կազմելու համար։ Դա նշանակում է, որ այժմ խորհրդարան անցած կուսակցությունները պետք է բանակցություններ վարեն վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուի առաջադրման հարցի շուրջ։

Խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային 2026 թվականին, այնուամենայնիվ, անցած տարվա նոյեմբերին Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան հայտարարեց խորհրդարանն արձակելու և վաղաժամկետ ընտրություններ նշանակելու մտադրության մասին։ Այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ սոցիալիստ Անտոնիու Կոշտան, որը վարչապետ էր դարձել 2015 թվականին, հայտարարեց իր հրաժարականի մասին՝ տեղի դատախազության հետաքննության պատճառով՝ կապված լիթիումի արդյունահանման և ջրածնի արտադրության նախագծերում հնարավոր խախտումների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս