Ինչո՞ւ է ՔԿ-ն հարցաքննել լրագրող Անի Գևորգյանին. Ալեն Սիմոնյանը, «Ոսկե հորթը», քրեական վարույթն ու դրա փնթի հետևանքները
2023թ. դեկտեմբերի 10-ին հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը STAND UP ձևաչափով, «Ոսկե հորթը» վերտառությամբ տեսանյութ հրապարակեց: 1 ժամ 26 րոպե տևողությամբ տեսանյութի հերոսն Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն էր:
Տեսանյութի ամենասկզբում Էդգար Ղազարյանը նշում է, որ Ալեն Սիմոնյանն արդեն իսկ իր դեմ քաղաքացիական հայցադիմում է ներկայացրել՝ իր նախորդ ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկում նրան «մեծ կոռուպցիոներ» անվանելու համար: Վիրավորվել է ու պահանջում է մեկ միլիոն դրամ:
«Մի հարցում սխալվել եմ: Պարզվում է, որ նա ոչ թե մեծ, այլ շա՜տ մեծ կոռուպցիոներ է»,- «Ոսկե հորթը» տեսանյութում ասում է Էդգար Ղազարյանը ու հավելում, որ իր STAND UP-ի շահառուներն են նախ այդ քաղաքացիական գործը քննող դատարանը, և, անշուշտ, իրավապահ մարմինները, որոնց ուշադրությունը նա հրավիրեց իր կողմից հրապարակվող փաստերի վրա:
Էդգար Ղազարյանը նշեց Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) անունները և խնդրեց տեսանյութում հրապարակված փաստերն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթ հարուցվել է, բայց ոչ թե Ալեն Սիմոնյանի կողմից ապօրինի հարստացման հանցակազմի շրջանակում, այլ վերջինիս անձնական ու բանկային գաղտնիքները հանրայնացնելու համար:
Իհարկե, շատ տարօրինակ է քննչական մարմնի կողմից քաղաքացու թևերը բռնել տվող ու վերջինիս վրա թքող Ալեն Սիմոնյանին հաճոյանալու անզուսպ մղումը, քանի որ տեսանյութում Էդգար Ղազարյանը թվարկում է այն բոլոր բաց աղբյուրները, որոնցից ինքն օգտվել է տեսանյութը պատրաստելիս: Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի բանկային ու անձնական կյանքի գաղտնիք Էդգար Ղազարյանը չի հրապարակել, իսկ այն, ինչ հրապարակել է, վաղուց արդեն գաղտնիք չէ ու հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներում, Ալեն Սիմոնյանի տարեկան հայտարարագրերում, այլ աղբյուրներում:
Քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու հրահանգ տվող, նա վրա թքող ԱԺ նախագահի վերաբերյալ քրեական վարույթ այդպես էլ չհարուցվեց, բայց պարզվում է, Ալեն Սիմոնյանի, նրա փաստաբանների ու Քննչական կոմիտեի քննիչների կարծիքով՝ Էդգար Ղազարյանն իր տեսանյութում բանկային ու անձնական գաղտնիք է հրապարակել:
Բայց արտառոցն ինքնին ոչ թե քրեական վարույթ հարուցելու փաստն է, այլ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների փնթի աշխատանքը, որը նույն ՔԿ-ում անեկդոտի թեմա է դարձել:
168.am-ի՝ Քննչական կոմիտեին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ նշված քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել լրագրող, NewDay.am կայքի հիմնադիր Անի Գևորգյանը, ով որևէ կապ չունի ու չի կարող ունենալ Էդգար Ղազարյանի հրապարակած տեսանյութի հետ:
Մեզ հետ զրույցում Անի Գևորգյանը հաստատեց հարցաքննության հրավիրվելու փաստը, սակայն չասաց՝ ինչ գործի շրջանակներում. նախաքննական գաղտնիք է:
Տեսանյութի հեղինակը՝ Էդգար Ղազարյանը, պատասխանելով 168.am-ի հարցին, ասաց՝ իրեն ՔԿ հարցաքննության չեն հրավիրել ո՛չ վկայի, ո՛չ էլ որևէ այլ կարգավիճակով, ու չի պատկերացնում, թե Անի Գևորգյանն ի՞նչ կապ կարող է ունենալ այդ տեսանյութի հետ:
Փորձելով հասկանալ, թե այնուամենայնիվ, ի՞նչ կապ կարող էր ունենալ Անի Գևորգյանն այդ տեսանյութի ու դրա հետևանքով հարուցված քրեական վարույթի հետ, վերանայեցինք տեսանյութը:
Տեսանյութում Էդգար Ղազարյանը տալիս է այն լրատվամիջոցների ու լրագրողների անունները, որոնց նյութերից ինքն օգտվել է իր STAND UP-ը նկարելիս: Նրանց թվում է «Սիվիլնեթի» լրագրող Անի Գրիգորյանը, ով իր գործընկերոջ հետ միասին հրապարակում էր պատրաստել Ջրվեժ համայնքում Ալեն Սիմոնյանի մոր կողմից 215 000 դոլարով 3 հարկանի առանձնատուն ձեռք բերելու մասին:
Թերևս ՔԿ-ն հենց Անի Գրիգորյանի հետ էլ խառնել է Անի Գևորգյանին ու նրան հրավիրել հարցաքննության:
Մենք ուսումնասիրեցինք «Սիվիլնեթի» հրապարակումը: Ալեն Սիմոնյանի խոսքի, տարբեր հրապարակումների, պաշտոնական հաղորդագրությունների, հարցումների և ԱԺ նախագահի հայտարարագրի հիման վրա պատրաստված բարձրորակ հետաքննությունը պետք է որ լավ առաջնային բազա լիներ իրավապահ մարմինների համար, եթե վերջիններս ցանկանային ուսումնասիրել Ալեն Սիմոնյանի անշարժ գույքերի ծագումնաբանությունը, սակայն դրա փոխարեն՝ քննչական մարմինը բոլորովին այլ թեմայով քրեական վարույթ է հարուցում ու դրա շրջանակում հարցաքննության հրավիրում դրա հետ կապ չունեցող լրագրողին:
Քննչական կոմիտեի պերճանքն ու թշվառությունը ողջ խորությամբ հասկանալու համար մնում է միայն տեղեկանալ՝ արդյո՞ք Անի Գևորգյանին վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրած քննիչը հասկացել է, որ խառնել է մարդկանց, և արդյո՞ք ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը գիտի, թե ինչ հատընտիր կադրեր են աշխատում իր ղեկավարած կառույցում:
Ի դեպ, Էդգար Ղազարյանն ասաց, որ իր դեմ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական հայց է ներկայացրել նաև «Ոսկե հորթը» տեսանյութի առնչությամբ: Գործը քննվելու է Վայքի դատարանում, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի եղբոր՝ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ, այն Տրդատ Սարգսյանի, ում հարսանիքին Ալեն Սիմոնյանն ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը նստած էին մի սեղանի շուրջ:
Հատկանշական է, որ մամուլը գրել էր՝ Դավիթ Սարգսյանը նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել, իսկ դատավոր դարձել է ոչ արդարացնող հիմքով վարույթը կարճվելուց հետո. պարզապես դրա վաղեմության ժամկետն է լրացել: