Ծառից հեռու ընկած պտուղը

Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր էին այցելել Նիկոլ Փաշինյանը՝ պաշտպանության նախարարի ու Արամ Սարգսյանի հետ, բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական ու այլ գործիչներ: Բնական է, որ Եռաբլուրում իրենց աշխատանքային ու մասնագիտական պարտականություններն էին իրականացնում նաև լրագրողները:

Ցավոք, արդեն տխուր ավանդույթ է դարձել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու արատավոր պրակտիկան: Առավել դատապարտելի է, երբ դա արվում է պետական իշխանություն կրող անձանց ու նրանց ուղեկիցների կողմից: Ու հատկապես որևէ տրամաբանության ու բարոյական շրջանակներից դուրս է, երբ դա արվում է Եռաբլուրում:

Մարտի 5-ին օրվա «հերոսը» Վազգեն Սարգսյանի եղբայրն էր՝ հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո ՀՀ վարչապետի պաշտոնը եղբոր եղերական մահվանից հետո ստանձնած Արամ Սարգսյանը:

Ողջ գիտակցական կյանքն Արցախի ազատագրմանը, բանակաշինությանը, Հայաստանի սահմանների ամրապնդմանն ու պահպանությանը նվիրած Վազգեն Սարգսյանի շիրիմի առաջ Արամ Սարգսյանը խրոխտ ու հպարտ կեցվածքով  կանգնած էր Արցախը թշնամուն հանձնած, բանակը քայքայած, Հայաստանի սահմանները «проходной двор» դարձրած, իր եղբորը «զինվորասպան» անվանած, Վազգեն Սարգսյանի բանակի դեմ մշտապես հոդվածներ գրած Նիկոլ Փաշինյանի կողքին:

Կարդացեք նաև

Եվ չգիտես՝ ինչու Արամ Սարգսյանը հանկարծ փրփրեց լրագրողների այն հարցից, որ Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համարում է Ադրբեջան, արդյո՞ք ինքը հաշտ է այս իրողության հետ, ինչին Արամ Սարգսյանը, ափերից դուրս գալով՝ լրագրողին պատասխանել է՝ «սուտ եք ասում»: Այնուհետև հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, թե հարմար պահ չէ, Եռաբլուրում, այն էլ՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, քաղաքական հարցազրույցներ չի տալիս, սակայն չի խորշել լրագրողներին մեղադրել իրեն «փողով» հարցեր տալու մեջ:

Դժվար է Արամ Սարգսյանին կասկածել հիշողության ամբողջական կամ մասնակի կորուստ ունենալու մեջ ու մտածել, որ նրա մտապատկերում Արցախը դեռ հայկական է, իսկ եղբոր վեհ արձանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում տիրաբար բազմած իր իսկ ազատագրած Արցախում: Հետևաբար՝ Արամ Սարգսյանի հիստերիան այլ պատճառ ուներ: Ինքը վստահաբար կցանկանար, որ Նիկոլ Փաշինյանի հետ Եռաբլուր գնար առավոտյան, ասենք, ժամը 5:00-ին, որ որևէ մեկն իրեն չտեսնի ու չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը չի ունենալու, բայց Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի մարդկանց փչացնել, ու դա անում է գերազանց կերպով: Ու Արամ Սարգսյանը դա չի կարող չհասկանալ: Եվ, թերևս, հենց այդ պատճառով էլ նա այդքան ագրեսիվ էր:

Արամ Սարգսյանին ասելու շատ բան չկա: Ժողովրդական ասացվածքն իր պարագայում հակառակն է ապացուցել՝ պտուղը, փաստորեն, կարող է ծառից հեռու ընկնել:

Արամ Սարգսյանի մայրը՝ լուսահոգի Գրետա մայրիկը, հարցազրույցներից մեկում պատմում էր՝ չի էլ փորձել Վազգեն Սարգսյանին հետ պահել Արցախ մեկնելուց, և երբ ամուսինն իրեն նախատել է դրա համար, պատասխանել է՝ բա որ ես, մյուսը, էն մյուսը մեր տղաներին հետ պահենք, թուրքը կգա, կմտնի մեր տները:

Արամ Սարգսյանին թուրքի գալը չի անհանգստացնում: Արամ Սարգսյանին անհանգստացնող միայն մեկ բան կա՝ Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունը չկորցնելը, երևի իր պատճառներն ունի:

Զուգահեռ իրականությունում Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, եղբոր ծննդավայրում շատ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել: Այդպես էր նշում եղբոր տարեդարձը, հեռու Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Սուրեն Պապիկյանի ընկերակցությունից:

«Թանգարանում մենք մեծ միջոցառում էինք կազմակերպել, երգիչ-երգչուհիներ էին եկել՝ Շուշան Պետրոսյանը, Արամոն, Էմման, հետո մեր Արարատի Զոդի՝ Վազգեն Սարգսյանի անվան գնդում ենք միջոցառում անցկացրել, նաև Արարատ քաղաքում, Վեդիում են անցկացրել միջոցառում»,- mediahub-ի հետ զրույցում ասել էր Արմեն Սարգսյանի որդին՝ Կառլեն Սարգսյանը։

Նախընտրության հարց է, բայց պատմությունն անխնա է. բոլորին է հիշում:

Տեսանյութեր

Լրահոս