Եթե իշխանության օրակարգում կա Սահմանադրությունը փոխելու հարց՝  անկախ այս լռությունից Սահմանադրությունը կփոխվի. Գոհար Մելոյան

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են խուսափել Սահմանադրությունը փոխելու որոշման մասին խոսելուց։

Օրերս խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին Արդարադատության փոխնախարարին, թե նոր Սահմանադրություն մշակելու նախագիծն ի՞նչ փուլում է, ի՞նչն են կոնկրետ ուզում փոխել, սակայն փոխնախարարն ասաց, որ իրավասու չէ այդ հարցերին պատասխանելու, քանի որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն Արդարադատության նախարարն է։

«Մեկնաբանել չեմ կարող այդ մասնագիտական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները»,- ասել էր Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը։

ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր դեռ այս տարվա հունվարին՝ հայտարարելով, թե Հայաստանը կարիք ունի նոր սահմանադրության։ Ավելին՝ մի քանի անգամ հայտարարել է, որ խնդիր կա Սահմանադրության այն կետերի հետ, որոնք առնչվում են Արցախին, մասնավորապես՝ նախաբանին, որտեղ հղում է կատարված Հայաստանի անկախության հռչակագրին՝ ԼՂՀ-ն Հայաստանին միավորվելու մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի ընդունած համատեղ  որոշմանը։

Կարդացեք նաև

Իշխանությունը հետքա՞յլ է անում Սահմանադրությունը փոխելու որոշումից, թե՞ պարզապես լուռ նոր Սահմանադրություն է մշակում։

168.am-ի հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը պատասխանելով այս հարցերին, ասաց՝ կարող են տարբեր պատճառներ լինել, հնարավոր է՝ իշխանություններն իրենց լռությամբ փորձում են Սահմանադրությունը փոխելու հարցը հանրության ուշադրությունից հեռացնել։ Նաև հնարավոր է, որ հաշվի առնելով արձագանքները, բուռն հակափաստարկները, որոնք բերել են իրավական դաշտի փորձագետները, առայժմ լռել են։

«Կարծում եմ՝ հաշվի են առել հանրային արձագանքը, որովհետև որքան էլ զարմանալի է, բայց Սահմանադրությունը փոխելու թեման մարդկանց հետաքրքրեց։ Այդուհանդերձ, եթե իշխանությունների քաղաքական օրակարգում կա Սահմանադրությունը փոխելու հարց, ապա նրանք կգնան այդ քայլին՝ անկախ այս լռությունից։ Հարցը միշտ էլ իշխանությունների օրակարգում է եղել, դրա մասին են փաստում երկու անգամ ստեղծված հանձնաժողովները. առաջինը՝ գործունեությունը դադարեցրած, և երկրորդը՝ գործող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ Այստեղ օրակարգ էր դարձել Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընդունումը»,- շեշտեց Գոհար Մելոյանը։

Ըստ մեր զրուցակցի, վաղ թե ուշ, իշխանությունների այս օրակարգի առնչությամբ որոշակի փաստեր կհայտնվեն։

Հարցին՝ եթե լինի Սահմանադրությունը փոխելու հանրաքվե, որի մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը, քաղաքացին այդքան իրավագիտակի՞ց է, որ նախ գիտակցի, թե ինչի համար է այն փոխվում կամ նորն ընդունում, և  դեմ քվեարկի, Գոհար  Մելոյանը պատասխանեց, որ արդեն հայտնի է՝ երբ ընտրական գործընթաց է, շատ հաճախ քաղաքացուն իշխանություններն այնպես են հրամցնում այդ ամենը,  մանիպուլացնում, որ քաղաքացուն կարող են շեղել։

«Հաշվի առնելով մեկ փորձը՝ Սահմանադրական դատարանի հետ կապված, երբ «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզարշավ էր իրականացվում, իշխանություններն ամեն ինչ տանում էին մանիպուլյատիվ դաշտ։ Այսինքն՝ մարդուն հրամցնում էին այն տեղեկատվությունը ոչ թե Սահմանադրության փոփոխվող տեքստի կամ բովանդակության մասին, այլ կոնկրետ ասում էին՝ կա՛մ ընտրում ես այս քաղաքական ուժին, կա՛մ այն։ Այս կոնտեքստում մարդու դիրքորոշումն աղավաղվում էր, հստակ պատկեր չէր երևում։

Հիմա այս պարագայում ընդդիմադիր դաշտի օբյեկտիվ փորձագետների թիրախը պետք է դառնան ու հնարավորինս բոլոր խողովակներով՝ առաջին հերթին լրատվական դաշտի միջոցով, քաղաքացուն հասցնել տեղեկատվություն, թե ինչի մասին է այստեղ խոսքը և ինչի համար է քաղաքացին տալու իր քվեն։ Քաղաքացին այս ամենից հետո իր որոշումը կկայացնի։ Բայց հաշվի առնելով արդեն այս իշխանության անցկացրած ընտրական գործընթացների պրակտիկան, կանխատեսելի է, որ իրենց կողմից մանիպուլյատիվ բնույթի, աղավաղված քարոզչություն կարող է իրականացվել»,- եզրափակեց Գոհար Մելոյանը։

Տեսանյութեր

Լրահոս