Բեռնատար նավի վրա հութիների հարձակման հետևանքով կա 3 զոհ
Հութի ապստամբները Եմենի ափերի մոտ հրթիռակոծել են բեռնատար նավ, որի հետևանքով անձնակազմի 3 անդամ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել։ Սա առաջին դեպքն է, երբ առևտրային նավերի վրա հութիների հարվածների հետևանքով կան զոհեր։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը մարտի 7-ին տարածված հաղորդագրության մեջ գրել է, որ հութիները հականավային հրթիռներով հարված են հասցրել Բարբադոսի դրոշի տակ նավարկող «True Confidence» նավին։
«Մարտի 6-ին, մոտավորապես ժամը 11:30-ին (Սանայի ժամանակով) Իրանի կողմից աջակցվող հութի ահաբեկիչների կողմից վերահսկվող Եմենի տարածքներից հականավային բալիստիկ հրթիռ է արձակվել «True Confidence» չորաբեռնատար նավի ուղղությամբ, որը Ադենի ծոցով նավարկում էր Բարբադոսի դրոշի տակ և պատկանում էր Լիբերիային: Հրթիռը հարվածել է նավին․ բազմազգ անձնակազմը հայտնում է երեք զոհի, առնվազն չորս վիրավորի մասին, որոնցից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Նավին զգալի վնաս է հասցվել», – X սոցիալական ցանցում գրել է Կենտրոնական հրամանատարությունը։
ԱՄՆ զինվորականները հավելում են, որ անձնակազմը լքել է նավը, իսկ կոալիցիայի ռազմանավերը պատասխանել են կրակին։ Ըստ հաղորդագրության՝ վերջին երկու օրվա ընթացքում հութիներն արդեն 5 հականավային հրթիռ են արձակել առևտրային նավերի վրա։
Հութիներն իրենց հերթին հայտարարություն են տարածել՝ նշելով, որ «True Confidence»-ի անձնակազմն անտեսել է իրենց նախազգուշացումները։
BBC-ն հաղորդում է, որ նավն ուներ 20-հոգանոց անձնակազմ, որոնց թվում կային վիետնամցիներ, ֆիլիպինցիներ և մեկ հնդիկ, ինչպես նաև Շրի Լանկայից և Նեպալից երեք զինված պահակներ։
Հարձակումից հետո հութիների Al Masirah հեռուստաընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ երկու ավիահարված է հասցվել հութիների կողմից վերահսկվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի միջազգային օդանավակայանին։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ընթացքում հութիները սկսել են հարվածել Կարմիր ծովով և Ադենի ծովով անցնող նավերին՝ հայտարարելով, որ հարձակումները կդադարեն, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ խումբը հարվածներ է հասցնում Եմենում հութիների տարբեր օբյեկտների և պարբերաբար խոցում հութիների արձակած հրթիռները։