Փաշինյանի թշնամանքը Հայաստանի հանդեպ կզգան անգամ ապագա սերունդները. Նաիրի Սարգսյան
Փաշինյանի Կառավարությունը նախատեսել է այս տարի հավաքել 350 միլիարդ դրամի հարկ. նախատեսել է մի թիվ, որը հավաքել ունակ չեն, ուստի որոշեց սկսել արտագնա աշխատանքի մեկնողներին հարկել, սակայն, քանի որ արվել են սոցիոլոգիական հարցումներ, ըստ որոնց, իրենց վարկանիշը գահավիժում է, որոշեցին ժամանակավոր չեղարկել արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու իրենց որոշումը, ինչն ամեն գնով կանեն, սակայն արտահերթ ընտրություններից հետո։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Կառավարության՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու որոշմանը, ապա՝ այդ որոշման իրագործման կասեցմանը, նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով.
«Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը երբ ներդրեցին, մենք պնդում էինք, որ դա արվում է, այդ թվում՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու համար, ինչն այն ժամանակ իշխանությունը հերքում էր, հիմա հաստատում են՝ լրացուցիչ ծախսերի առաջ կանգնեցնելով այն մարդկանց, որոնք ինքնուրորույն չեն կարողանա լրացնել համընդհանուր հայտարարագիր և տույժերի կենթարկվեն՝ նախատեսված ժամանակը խախտելու պարագայում»։
Սարգսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Կառավարությունը հարկում է արտագնա աշխատանքի մեկնողներին, բայց չի հարկում Հայաստանում աշխատող հնդիկներին, ինչի հետևանքով ստացվում է, որ հնդիկը չի ծառայում հայոց բանակում, աշխատում է Հայաստանում, բայց չի հարկվում, հետն էլ կարողանում է ընտրությանը մասնակցել, իսկ արտագնա աշխատանքի մեկնողն իր որդուն ուղարկում է հայոց բանակ, դրսում ապրելու ընթացքում զրկված է դեսպանատներում կամ այլ կառույցներում Հայաստանում ընթացող ընտրություններին քվեարկելու իրավունքից, բայց պարտավոր է հարկ վճարել նաև Հայաստանում։
Մեր զրուցակցի պնդմամբ՝ առանց այդ էլ ծնելիության ցածր ցուցանիշ ունեցող Հայաստանում սա մեզ կանգնեցնելու է արտագաղթի ալիքի առաջ։
«Ստացվում է՝ բարենպաստ պայմաններ ենք ստեղծում, որ ոչ թե ներգաղթ տեղի ունենա, այլ՝ արտագաղթ։ Դա նշանակում է՝ երկիրը հանձնում են»,- եզրահանգեց Սարգսյանը։
Աուդիտորների պալատի նախագահի խոսքով՝ քաղաքացու գրպանը չմտնելու խոստում տված իշխանությունը միայն արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելով, սակայն, չի բավարարվում և հարկային տեսուչներին քաղաքացու բանկային գաղտնիքը հասանելի դարձնելով՝ նախատեսում է այլ խնդիրներ ստեղծել այդ նույն քաղաքացիների համար։
«Բանկային գաղտնիքն են բացահայտում, զուգահեռաբար՝ կանխիկի շրջանառությունն են սահմանափակում՝ դրանով մարդու ամբողջ կյանքը դարձնում վերահսկելի՝ շանտաժի ենթակա։ Օրինակ՝ կարող են տեղեկանալ մարդու՝ այս կամ այն ծառայությունից օգտվելու մասին, և դա իրենց համար ձեռնտու պահի դարձնեն հրապարակման ենթակա»,- ասաց Սարգսյանը՝ շարունակելով.
«Ծրագրավորված քանդում են պետությունը. ցանկացած օրենսդրական փոփոխություն ուղղված է երկրի որոշակի ոլորտ քանդելուն։ Այդ փոփոխությունները կատարում են նաև որոշակի դրամաշնորհային ծրագրերի դիմաց՝ հանուն գումարի համաձայնում են ընդունել օրենքներ, որոնցով ուղղակի փորձարկում են փող տվողները՝ հայ ժողովուրդը: Օրինակ, աղը սեղանից հեռացնելու մասին օրենքի դիմաց դրսից գումար էին ստացել»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ ներդրումային միջավայրը բնորոշելով քանդվող և խնդրահարույց, որտեղ ներդրողներին բացասական ազդակներ է ուղղում Կառավարությունը՝ օրինակ, ՎիվաՍելլ ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը որպես նվեր ընդունելով։
«Նվիրաբերություն՝ բիզնեսում. դա անհասկանալի երևույթ է։ Ո՞րն է այն շահը, որը հաշվի առնելով՝ այս ընկերությունը նվիրել է իր բաժնետոմսերի 20 տոկոսը Կառավարությանը. իսկ գուցե կա խոստում, դրանից հետո Կառավարությունը, օրինակ, անհատույց հող է նվիրելու, եթե չկա նման խոստում, գուցե Կառավարությունը ռեկե՞տ է արել և փա՞յ մտել։ Այդ դեպքում հաջորդ Կառավարության օրոք կգան այս ընկերության բաժնետերերը և հայց կներկայացնեն Հայաստանի և ոչ թե՝ Փաշինյանի դեմ, ու կպահանջեն չեղարկել այս նվիրատվության գործարքը և Հայաստանի պետական բյուջեից կստանան իրենց կրած կորուստները, ոը կվճարի հաջորդ սերունդը. դեռ չծնված երեխաները կընկնեն պարտքի տակ։ Սա չարիք է, որը նույնիսկ թշնամին չի անի։ Փաշինյանի թշնամանքը Հայաստանի հանդեպ՝ Հայաստանի ապագա սերունդներին է անգամ գցելու պարտքերի տակ»,– ասաց Նաիրի Սարգսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։