Ռուսաստանի Գերագույն դատարանը վերջնականապես մերժել է Նադեժդինի գրանցումը՝ որպես ընտրությունների թեկնածու
: Ռուսաստանի Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանը մերժել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինի գանգատը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը՝ նրան չգրանցել որպես ՌԴ նախագահի թեկնածու։
«Բողոքարկման խորհրդի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թ. փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, վճռափոխության գանգատը չի բավարարվել», – ասել է դատարանի ներկայացուցիչը։
Գերագույն դատարանի առաջին ատյանում Նադեժդինը վիճարկել էր Ռուսաստանի ԿԸՀ-ի 2024 թ. փետրվարի 8-ի որոշումը «Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար Բորիս Բորիսի Նադեժդինի թեկնածության գրանցումը մերժելու մասին»։ Ինչպես և առաջին ատյանում, Նադեժդինը դատարանին խնդրել էր բեկանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը և հանձնաժողովին պարտավորեցնել գրանցել իրեն:
«Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից առաջադրված Նադեժդինը 2024 թ. հունվարի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել փաստաթղթեր և իրեն սատարող ընտրողների ստորագրություններ։ Նա հայտնել էր, որ ԿԸՀ է ներկայացրել 105 հազար ստորագրություն, որ ի պաշտպանություն իրեն հավաքվել է Ռուսաստանի տարածքում։ Ստուգման արդյունքում Նադեժդինի կողմից ներկայացված ստորագրությունների 15 %-ից ավելին անվավեր է ճանաչվել։
Դատարանում Նադեժդինի ներկայացուցիչները, մասնավորապես, մատնանշել են ՆԳ նախարարության տվյալների բազայում առկա սխալները, անվավեր ստորագրությունների և հանձնաժողովի արձանագրության մեջ նշված ստորագրությունների միջև անհամապատասխանությունը, ինչպես նաև ընթացակարգային խախտումները, որոնք, հայցվորի կարծիքով, թույլ են տրվել ստորագրությունների ստուգման ընթացքում։
Թեկնածուի առաջադրմանն աջակցելու համար քաղաքական կուսակցությունը (բացառությամբ խորհրդարանականների) պարտավոր է ներկայացնել ընտրողների ոչ պակաս, քան 100 հազար և ոչ ավելի, քան 105 հազար ստորագրություն, ընդ որում՝ յուրաքանչյուր մարզից ոչ ավելի, քան 2500 ստորագրություն։
Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 15-17-ը։