Նիկոլ Փաշինյանը ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի և դրան հետագա շարունակականության ապահովման կարևորությունը:
Անտոնելլա Բասանին ևս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և նշել, որ ավարտական փուլում է Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթությունները:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Տավուշի մարզում համատեղ իրականացված կրթական պիլոտային ծրագրի արդյունքներից և հույս հայտնել, որ այն կիրականացվի նաև մյուս մարզերում:
Քննարկվել են նաև վերը նշված ուղղություններով հետագա փոխգործակցությանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, վստահություն են հայտնել, որ ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքները կնպաստեն առևտրատնտեսական կապերի զարգացմանը: