Փառապանծ հայ ժողովրդի որդիներին ազգադավ այս խունտայի հետ համեմատելը պարզապես մեղսագործություն է. Գայանե Մանուկյան

Անընդունելի է զուգահեռներ անցկացնել 1918-1920 թվականների և 2018-2024-ականների աշխարհաքաղաքական փոթորիկների առջև հայկական իշխանությունների դրության և, որպես հետևանք, նրանց որդեգրած քաղաքականության միջև։ Նման համադրությունը միայն անարգում է Հայոց պատմության փառապանծ էջերից մեկը, երբ Սարդարապատում հաղթական դրոշն է ծածանվել, և գաղափարական, ազգային ուժը վերականգնել է 600 տարվա ընդմիջումից հետո ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, իսկ հետագայում նաև կազմակերպել է Սփյուռքն՝ իր ազգային ինստիտուտներով․․․ Համեմատել այդ նվիրյալներին՝ Արամներին, Դրոներին, Ռուբեններին, Նիկոլ Դումաններին և հայ ժողովրդի այլ փառապանծ որդիներին ազգադավ այս խունտայի հետ՝ պարզապես մեղսագործություն է։

Նկատենք՝ մինչև 1920 թվականի գարուն փլուզված Ռուսական կայսրության տարածքում՝ Ռուսաստանում, ընթանում էր թեժ քաղաքացիական պատերազմ, և ամենևին հստակ չէր, թե որ կողմն էր լինելու հաղթող, ուստի ՀՀ իշխանությունների համար կողմերից ոչ մեկը չէր կարող դիտարկվել՝ որպես Ռուսաստանի կենտրոնական իշխանություն։

1818-ից մինչև 1920-ի սկիզբը Ռուսաստանի հարավային շրջանները վերահսկվում էին սպիտակգվարդիականների կողմից, և այդ տարածքով էր տեղի ունենում ամերիկյան հացահատիկի մատակարարումը հարյուր-հազարավոր սովալլուկ գաղթականներով Հայաստան։

Բոլշևիկներն իրենք իշխանության են եկել Արևմուտքի հետ իրենց սերտ գործակալական կապերի շնորհիվ։ Բավական է նշել, որ նախահեղափոխական ժամանահակատվածում լենինյան կուսակցությունն իր համագումարները գումարում էր Լոնդոնում, իսկ բոլշևիկյան կառավարության թիվ երկրորդ պարագլուխը՝ Տրոցկին, ԱՄՆ քաղաքացի էր։ Հետևաբար՝ այն ժամանակվա բոլշևիկները յուրաքանչյուր հայ ազգային գործիչի համար չէին կարող ասոցացվել ռուս ազգային և հայրենասեր իշխանության հետ։

Կարդացեք նաև

Բոլշևիկներն ի սկզբանե թշնամական դիրքորոշում որդեգրեցին ազգային ավանդական արժեքների և ինստիտուտների նկատմամբ, ինչպիսիք էին հայության պարագայում եկեղեցին-քրիստոնեությունը, հայ բուրժուազիան և վաճառականությունը, հողատեր գյուղացիությունը և սկզբնական շրջանում՝ նույնիսկ ընտանիքը։

1918-ին նորաթուխ հայ պետական գործիչները չունեին ամբարված պետական փորձ, որը հաջորդ 100 տարվա ընթացքում ժառանգեցին հաջորդող քաղաքական սերունդները, և աշխարհն այդ ժամանակահատվածում այդպիսի ցնցումային իրադարձություններ թերևս Հռոմեական կայսրության փլուզման ժամանակ էր ապրել, հետևաբար՝ պատմական զուգահեռներ անցկացնելու փորձառություն էր բացակայում։

Նման համեմատությունը միայն անարգում է Հայոց պատմության փառապանծ էջը։ Դա հավասարազոր է ազգային արժեքների պղծմանը․․․ և որդեգրված ազգադավ քաղաքական ընթացքի և տրամաբանության շրջագծում է։

Հ․Գ․ Եվ ամենակարևոր տարբերության մասին՝ բարոյականության․․․ 1918-20թթ․, երբ ստիպված ձախողված պայմանագիր էին ստորագրում, իշխանությունը չէր հաշտվում, պայքարում էր․․․ պայքարում էր իր սահմանների համար, անգամ խաղաղ թվացող Լոռիում․․․ ոչ թե իր պարտություններից ու իր ձախողումներից բոլորովին էլ վատ չզգալով՝ նույնիսկ հպարտանում է սեփական պարտությամբ։ Այ դա է տարբերությունը։

Այն ժամանակ չէին հաշտվում և ձգտում էին հաղթահարել անհաջողությունները։

Իսկ այս խունտան հպարտանում է և կոչ է անում հաշտվել պարտության ու ձախողման հետ։

ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Երկիր»-ի նախկին խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս