Հանրային մեղադրողի ու դատավոր Դոլմազյանի սինխրոն որոշումը. Արմեն Աշոտյանը չի մասնակցի ԵԺԿ կոնգրեսին
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Դատական նիստում մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպան Բեգլարյանի միջնորդությունը դռնփակ ռեժիմով քննարկելուց հետո նիստը կրկին շարունակվեց դռնբացության ռեժիմով:
Դռնբաց դատական նիստը վերսկսվեց Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանի խոսքով, ով տեղեկացրեց, որ Եվրոպայի քաղաքական խոշորագույն ընտանիքը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), անձամբ Արմեն Աշոտյանին հրավեր է ուղարկել՝ Բուխարեստում այս տարվա մարտի 6-7-ը կայանալիք կոնգրեսին մասնակցելու համար:
Արմեն Աշոտյանը նույնպես կարևորեց իր մասնակցությունը ԵԺԿ-ի կոնգրեսին:
«ԵԺԿ-ի հետ կապերի պատասխանատուն ես եմ: Սա ունիկալ հարթակ է, ու կարևոր է գնալ այնտեղ՝ ազգային ու պետական շահեր ներկայացնելու համար: Խոսքը 4 օրվա մասին է: Խոստանում եմ Բուխարեստից վերադառնալ ոչ միայն Երևան, այլև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 10-րդ խուցը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ երբևէ ազատության մեջ բաց չի թողել ԵԺԿ-ի որևէ համագումար:
Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը: Արմեն Աշոտյանը կրկին փաստարկեց իր մասնակցության կարևորությունը, մյուս մեղադրյալների պաշտպանները միացան այդ միջնորդությանը:
Հանրային մեղադրողը, բնականաբար, դեմ էր, որ միջնորդությունը բավարարվի՝ նշելով, որ Արմեն Աշոտյանի փոխարեն՝ ԵԺԿ կոնգրեսին կարող են մասնակցել ՀՀԿ այլ անդամներ: Բացի դրանից, Հայաստանում կան պետական մարմիններ, որոնք լավագույնս ներկայացնում են Հայաստանի և Արցախի շահը:
Դատարանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց՝ ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու համար:
Վերադառնալով՝ դատավոր Դոլմազյանը տառացիորեն կրկնեց այն, ինչ հանրային մեղադրողը, այն է՝ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանի փոխարեն՝ այլ անդամներ կարող են մասնակցել ԵԺԿ կոնգրեսին, հետևաբար՝ ըստ նրա՝ միջնորդությունը փաստարկված ու հիմնավորված չէ: Վահե Դոլմազյանը մերժեց միջնորդությունը և Արմեն Աշոտյանին թույլ չտվեց մեկնել ԵԺԿ կոնգրեսին մասնակցելու:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին՝ ժամը 12:30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: