ԵԺԿ-ի հետ կապերի պատասխանատուն ես եմ. այդ հարթակն ունիկալ է. կարևոր է գնալ այնտեղ ազգային, պետական հարցեր ներկայացնելու համար. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր դատական գործով նիստի ժամանակ հայտարարեց, որ միջազգային հանությունը դեռևս իր գործով նախաքննության ընթացքում հնչեցրել է կարծիքներ, որ Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը մաքուր քաղաքական է, քաղաքական գործունեության խոչընդոտում է։

«Ոմանց սա դուր է գալիս, թե ոչ, դրսում դա տեսնում են, նաև արձանագրում։ Ես այս ընթացքում՝ նախաքննության փուլում,  3-4 անգամ խոչընդոտվել եմ եվրոպական կարևոր հավաքներին մասնակցելու։ Դատաքննության փուլում առաջին անգամ է, որ դիմում ենք նման միջնորդության, սա ինչո՞վ է կարևոր, որովհետև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, Եվրոպայի ամենամեծ իշխող կուսակցությունն է, այդ կուսակցության անդամ է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որի հետ հանդիպում է ՀՀ վարչապետ ներկայացող անձը։ Կուսակցության անդամ է նաև Եվրոպայի խորհրդարանի խոսնակը Ռոբերտա Մոցելան, որի հետ հանդիպում է Հայաստանի վարչապետ ներկայացող անձը, կուսակցության անդամ են նաև ԵՄ 7-8 պետության ղեկավարներ։ Այդ կուսակցության ներկայացուցիչների հետ Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն օկուպացիոն ուժն ունի քաղաքական հարաբերություններ՝ պետական և հետո կասեմ, թե ինչ մակարդակներում։ Այսինքն՝ սա եվրոպական իշխող թիվ մեկ քաղաքական ուժի համագումարն է»,- շեշտեց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իրեն հասցեագրված ԵԺԿ-ի  հրավերին մասնակցելու Բուխարեստում սպասվելիք համաժողովին։

Արմեն Աշոտյանը հիմնավորելով՝ հստակ պարզաբանեց, թե ինչու է կարևոր իր մասնակցությունն այդ համաժողովին, որպեսզի Հայաստանից հնչի այլընտրանքային կարծիք ազգային և պետական հարցերի շուրջ, Արցախի Հանրապետությունից սկսած, վերջացրած Հայաստանի այսօրվա անվտանգային մարտահրավերներով՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից վարվող անպատիժ մնացած ագրեսիվ քաղաքականությունը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ։

«Այսինքն՝ սա այն տեղն է, որտեղ հավաքվելու են Եվրոպայի իշխող ամենաազդեցիկ մարդիկ։ Կարևոր է գնալ այնտեղ և խոսել մեր ժողովրդին վերաբերող առաջնային խնդիրներից՝ անվտանգային, արտաքին, Արցախի հարցի հետ կապված, և այլն։ Այս կուսակցության հետ Հանրապետական կուսակցությունն աշխատում է 2009 թվականից, արտաքին կապերի պատասխանատուն ես եմ, ԵԺԿ անդամ եմ 2012 թվականից, և նման հարթակն ունիկալ հնարավորություն է համապետական, համազգային շահերի ներկայացման համար, այն քաղաքական գործիչների ու քաղաքական ուժերի համար, որոնք այդ հարթակի հետ կապեր ունեն, նաև ձեր խոնարհ ծառայի համար»,- հավելեց Արմեն Աշոտյանը։

Կարդացեք նաև

Ըստ Արմեն Աշոտյանի, ԵԺԿ-ի հրավերը կարևոր է, քանի որ այն նախընտրական է՝ կուսակցությունը կայացնելու է կարևոր որոշումներ իրենց նախընտրական ծրագրի մարտավարության վերաբերյալ։ Հայաստանը ԵՄ անդամ չէ, բայց հայկական սփյուռքի առկայությունը եվրոպական բազմաթիվ երկրներում թույլ է տալիս նաև հայկական գործոնը ճիշտ մոբիլիզացնելու պարագայում ազդեցություն ունենալ եվրոպական քաղաքական օրակարգի վրա։

«Այս տեսակետից կարևոր եմ համարում այս նախընտրական մեգահավաքին մասնակցելը։ Հանրապետական կուսակցության պատվիրակության ղեկավար եմ նշանակվել ես, քանի որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չի կարող մասնակցել այդ հավաքին։ Ես՝ որպես ոլորտային, այդ թվում՝ միջազգային հարցերով  փոխնախագահ և 2012 թվականից ԵԺԿ քաղաքական վեհաժողովի անդամ՝ պարոն Մամիջանյանի հետ միասին, ունեմ այդ հնարավորությունը, այդ կապերը, ունակությունները՝ շարունակելու ներկայացնել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը նման բարձր հարթակում։

Ինձ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ն մեկնարկել է այս պահին՝ ստվերային, իսկ իրականում՝ արդեն լայն թափ ստացած անդամակցության գործընթաց ԵԺԿ-ին։ Օգտվելով առիթից, որ ես՝ որպես ՀՀԿ փոխնախագահ, ով պատասխանատու է այդ կապերի համար, անազատության մեջ եմ և բաց եմ թողել 4-5 կարևոր միջոցառումներ, ՔՊ-ն լծվել է ԵԺԿ-ին անդամության գործընթացին, այդ թվում՝ ՀՀԿ-ին վարկաբեկելու քարոզարշավ է իրականացնում Բրյուսելում։ ՔՊ-ն նաև փորձում է չեզոքացնել այդ կուսակցության քաղաքական ազդեցությունն այս գործի հետ կապված գնահատականների վրա, որովհետև ԵԺԿ-ն այն քաղաքական ուժն է, որը հստակ ինձ ճանաչել է որպես քաղբանտարկյալ, օրինակ, Նավալնիի հետ միասին՝ Աստված ինձ հեռու պահի այդ ճակատագրից»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Այդ համատեքստում ՀՀԿ փոխնախագահը նաև հստակ ասաց, որ իր մասնակցությունը ԵԺԿ-ի համաժողովին հիմնավորում է Հայաստանի քաղաքական ու անվտանգային մարտահրավերների պարագայում եվրոպական իշխող քաղաքական վերնախավի հետ հարաբերությունների, այդ թվում՝  հայկական կողմի ասելիքը հստակեցնելու հրամայականով։

«Ես ոչ միայն խոստանում եմ վերադառնալ Հայաստան, ունեմ այդ փորձառությունը։ Այս գործի շրջանակներում ինձ մեկ անգամ դեկտեմբեր ամսին՝ մինչև իմ կալանքը, քննող քննիչը թույլ էր տվել մասնակցել Արցախի հարցով միջազգային կոնֆերանսին։ Այս բոլոր մեղադրանքներն ինձ վրա կար, ես գնացի Վիեննա  և  վերադարձա։ Հիմա ոչ միայն խոստանում եմ վերադառնալ, այլև վերադառնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 7-րդ մասնաշենքի 10-րդ խուց, որպեսզի դուք որևէ կասկած չունենաք, որ այս խնդիրը չի բարձրաձայնվում նրա համար, որ իմ խափանման միջոցը փոխվի, դրա համար մենք ունենք բազմաթիվ հիմքեր ու առիթներ, օրինական պահանջներ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս