Հայաստանը լքողների բանակը

Մինչ իշխանությունները հպարտանում են իրենց արձանագրած տնտեսական հաջողություններով, աշխատավարձերի բարձրացումներով ու աշխատատեղերի ավելացումներով, ապրելու համար ստեղծած արտակարգ պայմաններով, Հայաստանը լքողների բանակը ստվարանում է։

Գնացողները շարունակում են տասնյակ-հազարներով ավելի շատ լինել, քան վերադարձողները։

Չվերադարձողները նրանք են, ովքեր համալրում են արտագաղթողների շարքերը։

Չնայած իշխանությունների խոստումներին՝ արտագաղթը վերջին տարիներին Հայաստանից ոչ միայն չի դադարել, ոչ միայն պահպանվում է, այլև թափ է հավաքում։

Կարդացեք նաև

Պաշտոնական տվյալներով, նախորդ երեք տարիներին Հայաստանից 138 հազարով ավելի շատ մարդ է գնացել, քան վերադարձողներն են եղել։

Եվ սա այն պարագայում, երբ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ վերադարձան։ Շատերն էլ, ովքեր ժամանակին հրաժարվել էին քաղաքացիությունից, վերականգնեցին։

Բայց նույնիսկ այդ պայմաններում գնացողներն անհամեմատ ավելի շատ են, քան վերադարձողները։

138 հազարը հսկայական թիվ է Հայաստանի ընդամենը 2,9 մլն բնակչության համար։ Երեք տարում այդքան մարդ հեռացել է ու չի վերադարձել։

Պիկն արձանագրվել է 2021թ., երբ Հայաստանից հեռացավ 73,5 հազար մարդ։

Պատերազմից անմիջապես հետո սա ինչ-որ կերպ դեռ կարելի էր հասկանալ։ Բայց դրանից հետո էլ հեռացողները քիչ չեն։

2022թ. Հայաստանից 27,9 հազարով ավելի շատ մարդ է գնացել, քան վերադարձել։

Անցած տարի գնացած և չվերադարձածների բանակը նույնիսկ շատացել է։

2023թ. գնացողներն արդեն 36,5 հազարով են գերազանցել վերադարձողներին։

Այսինքն՝ 8,6 հազարով նույնիսկ ավելի շատ, քան գնացել էին մեկ տարի առաջ։

Այստեղ են ասել, բա ո՞ւր մնաց ձեր ասած՝ տնտեսական աճերը, մեծ հայրենադարձությունը, եթե ամեն տարի տասնյակ-հազարներով ավելի շատ մարդիկ են գնում Հայաստանից, քան վերադարձողներն են։ Խոսքը բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին է։ Այլ երկրի քաղաքացիները սրա մեջ չեն մտնում։

Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ՝ Հայաստանը հայերից դատարկելու քաղաքականություն։

Հայաստանը հայերից դատարկում են, տեղն այլազգիներով են լցնում։

Հիշո՞ւմ եք, երեք տարի առաջ ինչ էր ասում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։

Ասում էր՝ պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, որպեսզի ապագայում չմտածենք միայն հայերի հայրենադարձության մասին:

Հայաստանը կարող է արաբների, ասորիների և այլ ազգերի հայրենիքը դառնալ։

«Մտածել այն մասին, որպեսզի Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դառնա։ Խոսքն Իսպանիայի արաբների, ասորիների և այլ ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն ներկայացնում և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում:

Այսպիսով կարելի է փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, և դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա հաջողություն կլինի:

Պատկերացրեք, որ մենք Հայաստանը կդարձնենք մի երկիր, որը գրավիչ է ոչ միայն հայերի համար»,- Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը սա 2020թ. օգոստոսին էր ասում։

Հիմա, թերևս, այդպես էլ անում են՝ Հայաստանը դարձնում են երկիր այլ ազգերի համար։ Փոխարենը՝ հայերը հեռանում են, հայրենադարձողներ էլ կարծես չկան։

Ինչպես տեսնում ենք, նույնիսկ վերջին երկու տարիներին արձանագրվող բարձր տնտեսական աճերը չեն զսպում մարդկանց, որպեսզի հեռանան Հայաստանից։ Պատահական չէ, որ հեռացողների քանակը շատացել է։

Եթե տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում իսկապես ամեն ինչ այդքան լավ է, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները, ինչո՞ւ են այս մարդիկ գերադասում հեռանալ։ Թե՞ լավ ապրելուն սովոր չեն։

Նույնիսկ, եթե համարենք, որ կյանքը Հայաստանում այդքան լավ է, բայց մարդիկ էլի հեռանում են, նշանակում է, այլ պատճառներ ունեն դրա համար։

Քիչ չեն նրանք, ովքեր գնում են ամենևին էլ ոչ նրա համար, որ այստեղ աշխատանք չունեն կամ վատ են ապրում։ Շատ հաճախ գնում են հենց ապահովվածները, մարդիկ, ովքեր Հայաստանում ապագա չեն տեսնում։

Ապագա չկա, իսկ խնդիրներ՝ որքան ուզես։ Դրանք շատ դեպքերում նույնիսկ տնտեսական կամ սոցիալական չեն։ Կան ավելի կարևոր խնդիրներ։

Այդ խնդիրներ են, որոնք ստիպում են մարդկանց հեռանալ։ Բավական է նշել միայն Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծանր իրավիճակը։

Երեք տարի խաղաղությունից են խոսում, իսկ խաղաղությունն այդպես էլ մոտ չի գալիս։ Երկրի սահմանները գնալով փոքրանում են, «խաղաղասեր» հարևաններն անընդհատ նոր պահանջներ են ներկայացնում, իսկ իշխանությունները գլուխները կախ բավարարում ու պատրաստ են բավարարել դրանք։

Սա է, որ ստիպում է շատերին հեռանալ։

Նաև այն ծանր մթնոլորտը, որն իրենց գոյությամբ այս իշխանությունները ստեղծել են երկրում՝ քաղաքական անհանդուրժողականություն, համատարած բռնաճնշումներ, անարդարություններ, ատելություն, վախի մթնոլորտ։ Ժողովրդավարությունից են խոսում, այնինչ բռնանում են ազատ խոսքի, մարդկանց կամքի, սեփական կարծիքն արտահայտելու վրա։

Այս ամենն էլ դարձել է մարդկանց հեռանալու պատճառը։

Հայերը հեռանում են, գալիս են այլազգիները։ Անցած տարի էլ այլ երկրների քաղաքացիներն ավելի շատ են եկել Հայաստան, քան վերադարձողներն են եղել։ Բայց դրանք այլևս Ռուսաստանի քաղաքացիները չեն։

Ուկրաինայի հետ հակամարտությունից հետո Հայաստան տեղափոխված ռուսները ևս հեռանում են։

Փոխարենը՝ այլ երկրների և հատկապես Հնդկաստանի քաղաքացիներն են կտրուկ ավելացել։ Եթե մեկ-երկու տարի առաջ Հայաստանի փողոցներում հատուկենտ հնդիկների կարելի էր հանդիպել, ապա այսօր նրանք ամենուր են։ Եվ ոչ միայն հնդիկները։ Նրանք Հայաստան են գալիս հիմնականում աշխատելու համար։ Ու քանի որ անհամեմատ էժան աշխատուժ են, աստիճանաբար շուկայից դուրս են մղում տեղական աշխատուժը, որը խթանում է նաև Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս