«Պադավատներով» երթևեկող նախկին «քայլիստներն» այլևս չեն տեսնում՝ ինչ է կատարվում տրանսպորտում

Չնայած հասարակության շրջանում առաջացած համատարած դժգոհություններին՝ Երևանի ՔՊ-ական իշխանությունը բոլորովին էլ մտադիր չէ հրաժարվել հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումից։ Այս փուլում դժգոհությունները մեղմելու համար, պարզապես որոշել են ժամանակ ձգել, կրքերը հանդարտեցնել։ Դրա համար ավագանու որոշումը ոչ թե հիմա կընդունեն, այլ մարտին։ Մանր-մունր վերանայումներ կանեն ու կընդունեն։

Բայց որպես այդպիսին, այն, ինչ ներկայացվել է ուղեվարձի բարձրացումների հետ կապված, նույնությամբ կպահպանվի։

Իսկ դա նշանակում է, որ այն բանից հետո, երբ թանկացումները մտնեն ուժի մեջ, քաղաքացիներն անհամեմատ ավելի մեծ գին կվճարեն քաղաքային տրանսպորտից օգտվելու համար, քան վճարում են հիմա։ Վերանայումները, որոնք մտադիր են անել, վերաբերելու է ընդամենը ուղևորությունների սահմանափակումներին։

«Այսօր ամենաակտիվ քննարկման առարկա է սահմանափակումների հարցը։

Ասեմ, որ այս պահին ես կարծում եմ, որ պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք սահմանափակումները տոմսային համակարգից։

Այսինքն՝ ուղևորությունների քանակը լինի անսահմանափակ»,- ասում է Երևանի ՔՊ-ական փոխքաղաքապետը։

Ներկայացված ուղեվարձերի չափերի վերանայման մասին ոչ մի խոսք չկա։ Դրանք լինելու են այնքան, որքան առաջարկվել է։

Երևանի ՔՊ-ական քաղաքային իշխանությունը համարում է, որ արդեն այնքան է բարելավել քաղաքային տրանսպորտի վիճակը, որ կարող է իրեն թույլ տալ սրտի ուզած չափով ուղեվարձը բարձրացնել։ Կարծես առաջվա նման մարդիկ ժամերով կանգառներում հասարակական տրանսպորտի չեն սպասում, խցկված ու անմարդկային պայմաններում չեն երթևեկում։

Իրենց նեղություն չեն տալիս դուրս գալ փողոց ու տեսնել, թե ի՞նչ է կատարվում տրանսպորտում՝ հատկապես առավոտյան ու երեկոյան ժամերին։

Իրենք այլևս ծառայողական մեքենաներով են երթևեկում և կարծում են, որ գազելներն ավտոբուսներով փոխարինելով՝ քաղաքային տրանսպորտի խնդիրները լուծել են։

Նախկինում պիտի լիներ, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեր, թե քաղաքապետարանի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն։ Մինչդեռ, էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ պետք է լինի։

Հիմա ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ չի ասում, թե ինչո՞վ են զբաղված այս մարդիկ, տեսնո՞ւմ են, թե ինչ է կատարվում տրանսպորտի հետ։

Տրանսպորտի բարելավումից են խոսում, իրենց թվում է՝ բարելավումը միայն տրանսպորտային միջոցի արտաքին տեսքն է։ Ասում են՝ նախկին գազելը փոխարինել ենք ավտոբուսներով, ու կարծում են՝ դա բավարար է ուղեվարձը կտրուկ բարձրացնելու համար։

Այնինչ՝ ուղեվարձը բարձրացնելուց առաջ պետք է մտածել ծառայության որակը բարելավելու մասին։

Ծառայության որակը միայն ավտոբուսը չէ։ Մարդիկ պիտի կարողանան պատշաճ օգտվել դրանից։ Թե չէ, ինչքան ուզում ես՝ գազելը փոխարինի ավտոբուսով, ի՞նչ նշանակություն ունի, եթե միևնույն է, մարդիկ նախկինի նման ժամերով պիտի տրանսպորտի սպասեն, գալու դեպքում էլ չկարողանան օգտվել կամ մի կերպ խցկվեն ու իրար վրա լցված երթևեկեն։

Սա է այսօրվա տրանսպորտային ծառայության վիճակը։

Իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ վարկերով, երբեմն թանկ վարկերով ավտոբուսներ են բերել և հիմա ուզում են ուղեվարձերը բարձրացնել, որպեսզի փակեն պարտքերը։ Տարեկան 7 մլրդ դրամի ճեղք են ստեղծել քաղաքային տրանսպորտի ծախսերի ու գործող ուղեվարձի մեջ։ Այդ ճեղքը ուղեվարձի բարձրացման միջոցով ուզում են լցնել։

Իսկ որ հսկայական ստվերային գումարներ են պտտվում այս համակարգում ու մտնում չգիտես ում գրպան, քաղաքապետարանի բյուջե մտնելու փոխարեն, ոչինչ չեն անում ստվերից հանելու համար։ Այնինչ՝ դրանք ստվերից հանելու դեպքում կարող է պարզվել, որ քաղաքային տրանսպորտը 100 դրամի պայմաններում լավ էլ կարող է ինքնածախսածածկում ապահովել։

Գուցե՞ առաջին հերթին պետք է մտածել այդ ստվերային գումարները բյուջե բերելու, հետո նոր՝ ուղեվարձին անդրադառնալու մասին։ Առաջից գնալու փոխարեն, որոշել են հետևից գալ։

Ասում են՝ ստվերի չափերը չգիտենք։ Չափերը չգիտեք, փոխարենը տեղը լավ գիտեք։

Փակեք ստվերի ճանապարհը, և 7 միլիարդը կարող է դառնալ, ասենք, 3 միլիարդ։

Իսկ ինչքա՞ն այլ անիմաստ ծախսեր կան, որ քաղաքային ու հանրապետական ՔՊ-ական իշխանություններն անում են պետության հաշվին։

Միլիարդների միայն պարգևավճարներ են տարեկան բաժանում։ Եթե դրանց 10-15 տոկոսը կրճատեն, կարող են ամբողջությամբ սուբսիդավորել քաղաքային տրանսպորտի ուղեվարձի ու ծախսերի հայտարարվող ճեղքվածքը։

Քաղաքապետարանի ծախսերի անարդյունավետությունն արդեն հասցրել է շատերին ապշեցնել։ Ամենուրեք գումարների անիմաստ վատնում է։

Այնինչ՝ այդ գումարներն անտեղի ծախսելու փոխարեն՝ կարող են ուղղել տրանսպորտի ուղեվարձի սուբսիդավորմանը։

Եվ սա միայն քաղաքային իշխանությանը չի վերաբերում։ Վերաբերում է նաև կառավարությանը։

Պետական բյուջեն նրա համար չէ, որ իրենց հաճույքների համար ծախսեն։ Թող բարի լինեն տարեկան մի քանի միլիարդ էլ հատկացնեն քաղաքային տրանսպորտի սուբսիդավորմանը ու հետևողական լինեն, որ համակարգի գումարները չգողանան, չհիմնավորված ծախսեր չներկայացնեն, որպեսզի տրանսպորտի ինքնարժեքն էլ այդքան բարձր չլինի։

Առանց ափսոսալու՝ 1,5 մլրդ դրամ տվեցին ինչ-որ երգչի համերգի համար, իսկ քաղաքային տրանսպորտը, որից օգտվում են հիմնականում հասարակության անապահով խավերը, չեն ուզում սուբսիդավորել։ Տարեկան հարյուր-միլիոնավոր դրամներ են ծախսում՝ իրենց աշխատասենյակները վերանորոգելու, թարմացնելու, նոր կահույք գնելու համար։ Ծառայողական մեքենաների մասին էլ չենք ասում։

Այս ամենի համար գումարներ գտնում են բյուջեում, իսկ որ հասարակական տրանսպորտը պիտի սուբսիդավորեն, ասում են՝ փող չկա, պիտի ուղեվարձը բարձրացնենք, այն էլ՝ կտրուկ։

Ձեր անիմաստ շրջագայությունների ծախսերը կրճատեք՝ տրանսպորտը սուբսիդավորեք, միևնույն է՝ դրանից որևէ օգուտ չկա։

Ամբողջ աշխարհում է այդպես. պետությունն է սուբսիդավորում տրանսպորտի ուղեվարձը՝ հաշվի առնելով նաև հասարակության սոցիալական վիճակն ու վճարունակությունը։ Թե չէ եվրոպականին հավասար ուղեվարձեր են ուզում ներդնել՝ առանց հաշվի առնելու, թե  մարդկանց եկամուտները որքանո՞վ են համարժեք դրան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս