Մեծ Բրիտանիան դպրոցում հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանում
Մեծ Բրիտանիայի դպրոցների ղեկավարությունը բջջային հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանում: Այդ մասին հաղորդում է The Times հրատարակությունը:
Ուսուցիչները նոր լիազորություններ կստանան արգելքը գործի դնելու համար, այդ թվում՝ աշակերտների պայուսակները խուզարկելու թույլտվություն, որի նպատակն է բարձրացնել կարգապահությունն ուսումնական հաստատություններում:
«Բջջային հեռախոսներն Անգլիայի դպրոցներում կարգելվեն այն ուղեցույցին համապատասխան, որն այսօր թողարկվել է դպրոցների տնօրենների համար՝ փորձելով նվազագույնի հասցնել անկարգությունները և բարելավել վարքը դասարաններում», – ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ արգելքը խախտող աշակերտներին կարող են դասերից հետո պահել դպրոցում, ինչպես նաև նրանց հեռախոսները կարող են առգրավվել այնքան ժամանակով, որքան դպրոցի տնօրենը հարկ կհամարի։ Նոր կանոնները նաև ուսուցիչներին իրավունք են տալիս խուզարկել պայուսակները և իրավական պաշտպանություն են տրամադրում ծնողների հնարավոր դատական հայցերից` առգրավված սարքերը կորցնելու կամ վնասելու համար:
Ուղեցույցի համաձայն՝ դպրոցներին առաջարկվում են չորս տարբեր մոտեցումներ այդ հրահանգի պահպանումն ապահովելու համար: «Ամենապարզ» տարբերակը դպրոցի տարածքում հեռախոսների օգտագործման լիակատար արգելքն է, ընդ որում` աշակերտներին առաջարկվում է դրանք թողնել տանը: Երկրորդ և երրորդ տարբերակները ներառում են հեռախոսներն անձնակազմին հանձնելը կամ պարապմունքների ժամանակ դրանք հատուկ պահարաններում թողնելը: Չորրորդ մոտեցումը թույլ է տալիս հեռախոսները պահել իրենց մոտ, բայց միայն այն «խիստ պայմանով, որ դրանք չեն օգտագործվի»: