ԿԳՄՍՆ-ն հաշվեքննողներին չի տրամադրել ՊՈԱԿ-ների կողմից նախարարություն ներկայացվող հաշվետվությունները. ՀՊ-ն՝ ԿԳՄՍՆ-ում
«Սեպտեմբերին ՊՈԱԿ‑ներին վճարումներ են կատարվել սուբսիդիաների հատկացման պայմանագրերի բացակայության պայմաններում»,- սա մի դրվագ է Հաշվեքննիչ պալատի կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում իրականացված հաշվեքննությունից:
Հաշվեքննիչ պալատն արդեն հանրայնացրել է նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը: Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն է, կատարման ժամկետը՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից 2024 թվականի հունվարի 31-ը:
Ուշագրավ է, որ ԿԳՄՍ նախարարությունը հաշվեքննողներին չի տրամադրել ՊՈԱԿ-ների կողմից պետական բյուջեի արդյունքային ցուցանիշների վերաբերյալ նախարարություն ներկայացվող հաշվետվությունները, ինչը սահմանափակել է «Հանրակրթության» ծրագրի առանձին միջոցառումների կատարված վճարումների վերաբերյալ եզրահանգումների հնարավորությունը։
Նախարարության կողմից չի տրամադրվել նաև հանրակրթական, նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական հաստատությունների և դրանցում սովորողների թվի վերաբերյալ տեղեկատվությունը, որը հիմք է հանդիսանում ՏՄԱԿ-ների ֆինանսավորման համար: Դրա հետևանքով էլ սահմանափակվել է ՀՊ կողմից ՏՄԱԿ-ներին կատարված հատկացումների հիմնավորվածությունը գնահատելու հնարավորությունը:
Արձանագրված փաստերից մի քանիսի մասին՝ առավել մանրամասն:
Տեղեկանում ենք, որ անհամապատասխանություն է արձանագրվել «Հանրակրթություն» ծրագրի առանձին միջոցառումների առնչությամբ, որոնք իրականացվում են ՊՈԱԿ‑ների հետ կնքված պայմանագրերի հիման վրա՝ սուբսիդիաների հատկացման միջոցով. մասնավորապես, սեպտեմբերին ՊՈԱԿ‑ներին վճարումներ են կատարվել սուբսիդիաների հատկացման պայմանագրերի բացակայության պայմաններում։
«Հատկանշական է, որ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային համակարգում՝ բյուջետային գործառնությունների նկատմամբ կիրառվող նախնական հսկողության ընթացակարգի համաձայն, վճարումը կատարելու համար պահանջվող բյուջետային պարտավորություններ առաջացնող կնքված պայմանագրերից քաղվածքների փոխարեն, մուտքագրվել են հունվար-օգոստոսի համար գործող պայմանագրերի բնութագրիչները՝ փոփոխված ժամկետով և գումարներով»,- նշել է հաշվեքննողը:
Ի դեպ, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանի համար առկա չեն եղել նաև ՊՈԱԿ‑ների կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման վերաբերյալ ԿԳՄՍՆ ներկայացված հաշվետվությունները ևս:
Նախարարության մեկնաբանությունը, թե պայմանագրերի հայցման ժամանակաշրջանում դեռևս հայցվող պայմանագրերը կնքված չէին, ուստի դրանք չէին կարող տրամադրվել հաշվեքննողին, և, որ հաշվեքննողին տրամադրվել է սուբսիդիայի պայմանագրի տիպային ձևն ու պարզաբանումներ պայմանագրերի դեռևս չկնքելու պատճառների մասին, չի բավարարել հաշվեքննողներին:
«Հաշվեքննության օբյեկտի կողմից ներկայացված դիրքորոշումը չի պարունակում առարկություններ հաշվեքննությամբ արձանագրված փաստերի վերաբերյալ, այլ ըստ էության պարզաբանում է ՊՈԱԿ-ների ֆինանսավորման սահմանված կարգով չապահովելու պատճառները»,- պարզաբանել է հաշվեքննողը:
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ ծրագրի վերաբերյալ ՀՊ դիտարկումներում էլ ընդգծվել է՝ «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» որոշման համաձայն՝ ֆինանսավորման չափի որոշման համար 2023 թվականի հաշվարկներում պետք է ներառվեր նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում սովորող ուսանողների թիվը, ինչը ԿԳՄՍՆ-ի կողմից չի պահպանվել։
«Հաշվեքննիչի այն պնդումը, ոի ԿԳՄՍՆ-ի կողմից չեն տրամադրվել ՀՊ կողմից հայցված հանրակրթական, նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական հաստատությունների և դրանցում սովորողների վերաբերյալ տեղեկատվությունը, չի համապատասխանում իրականությանը (տրամադրվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանը, որը հիմք է հանդիսացել հաշվարկի համար)»,- նշել են նախարարությունից:
ՀՊ-ն նաև առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը. «Կրթության ոլորտի ծախսերի նորմատիվները սահմանել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։
Գործող իրավակարգավորումների պահանջների համաձայն ապահովել ՊՈԱԿ-ների կողմից պետական բյուջեի արդյունքային (կատարողական) ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ԿԳՄՍՆ ներկայացնելու գործընթացը։
«Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» ծրագրի հետագա ֆինանսավորումն իրականացնելիս հիմք ընդունել անհրաժեշտ սուբսիդավորման չափի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունները, ինչպես նաև հաշվի առնել Կենտրոնական բանկում սուբսիդավորման նպատակով բացված հատուկ հաշվին առկա 227,467․3 հազ. դրամի առաջնահերթ օգտագործման հնարավորությունը»: