Բաժիններ՝

Քրիստոնյան՝ հանրային կյանքում

Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա պետք է ունենա այս անցավոր կյանքում պանդուխտ լինելու գիտակցումը, քանի որ ինչպես առաքյալն է ասում՝ «մեր քաղաքացիությունը երկնքում է»:

Եվ հետևաբար քրիստոնյաները բոլոր ժամանակներում խնդիր են ունեցել հստակեցնել իրենց վերաբերմունքը այս աշխարհի հասարակական դրսևորումների, բարքերի, սովորույթների նկատմամբ: Ինչպես ռուս եկեղեցու սրբերից մեկը՝ Իգնատիոս Բրանչիանինովն էր ասում. «Այնքան անհրաժեշտ է հասկանալ ժամանակի ոգին, որ քեզ բաժին է ընկնում, ոչ թե նրա համար որ հետևես նրան, այլ պահպանես քեզ նրանից, կամ այն ամենից, որ դեմ է Քրիստոսին և Քրիստոնեությանը»: Հետևաբար բոլոր ժամանակների քրիստոնյաների խնդիրն է, քննել ժամանակի ոգին, հասկանալ դրա հակաքրիստոնեական դրսևորումները և հեռու մնալ դրանցից՝ չաղավաղելու համար ճշմարիտ քրիստոնեական դիմագիծը:

Սակայն քրիստոնյան ինչպես ամեն հարցում այս հարցում ևս կարող է հաջողել միայն Տիրոջ անմիջական աջակցությամբ, որովհետև մարդը իր տկար բնությամբ և սահմանափակ գիտակցությամբ չի կարող միայնակ զատորոշել բարին և չարը, ճշմարիտը և սուտը, լույսը և խավարը, այլ ամեն ինչում գործակից պետք է ունենա Սուրբ Հոգուն, որը մեր Դաստիարակն է, Ուսուցիչը, Առաջնորդը և Մխիթարիչը:

Հիշենք Անտոն մեծին, որը տեսնելով շխարհում նետված չարի որոգայթները ու խայծերը հարցնում է Աստծուն «Տեր, ինչպես կարելի է հաղթահարել այս գայթակղությունները ու որոգայթները», և երկնքից մի ձայն է լսվում. «Խոնարհամտությամբ»: Հետևաբար մարդը պետք է գիտակցի իր տկարությունը և կատարելապես ու անմնացորդ վստահելով Աստծուն, խոնարհությամբ քայլի իր քրիստոնեական ճանապարհով: Այս է միակ հնարը խուսափելու սատանայի որոգայթներից:

Կարդացեք նաև

Պատմական տարբեր ժամանակներում քրիստոնյային ճշմարիտ ճանապարհից շեղելու որոգայթները տարբեր են եղել: Առաջին քրիստոնեական եկեղեցիներում՝ ընդուպ մինչև 4-րդ դարի սկիզբը, սատանան քրիստոնյաներին շեղելու համար մատնում էր նրանց չարչարանքների, տանջանքների, ջանալով շեղել նրանց հավատքի ճանապարհից: Սակայն որքան մեծանում էին ճնշումները, քրիստոնյաները Տիրոջ զորակցությամբ ավելի էին զորանում, և շատերը էլ հեռանում էին այս աշխարհից մարտիրոսական պսակներով զարդարված: Սակայն 4-րդ դարի վերջում Քրիստոնեությունը դարձավ պետական կրոն աշխարհի հզորագույն պետությունում՝ Հռոմեական կայսրությունում և հետևաբար դադարեցին հալածանքները քրիստոնյաների նկատմամբ: Փորձությունների երկարատև շրջանից հետո թվում էր, թե Քրիստոսի լույսը վերջապես անխոչընդոտ պիտի տարածվեր ամբողջ աշխարհով, բայց ժամանակների փոփոխության հետ փոխվեցին նաև որոգայթների ձևերը:

Ի հայտ եկավ աղանդավորականությունը: Այնպիսի աղանդավորական և հերձվածողական ուղղություններ, ինչպիսիք էին արիոսականությունը, նեստորականությունը պառակտեցին և ներքին խառնաշփոթ ստեղծեցին Քրիստոնեության մեջ, ինչի արդյունքում շատերը շեղվեցին առաքելաավանդ ճշմարիտ դավանությունից, թշնամանք առաջացավ տարբեր Քրիստոնեական համայնքների մեջ: Քրիստոսաբանական վեճերը պատճառ դարձան եկեղեցու հետագա պառակտումների, Բյուզանդական ուղղափառ եկեղեցուց առանձնացավ Կաթոլիկ եկեղեցին, որում առկա սխալ և երբեմն հակաքրիստոնեական դրսևորումները 15-րդ դարում հանգեցրեցին Բողոքական շարժման առաջացմանը: Այս ժամանակաշրջանում քրիստոնյայի խրդիրն էր ամուր կառչած մնալ ուղղափառ դավանաք ունեցող եկեղեցիներից՝ աղանդավորական հոսանքների թակարդը չընկնելու համար: Միջնադարում խիստ տարածված էին նաև կախարդությունները, սնահավատությունները, որոնք նույնպես շեղում էին քրիստոնյաներին ճշմարիտ հավատքից, դարձնելով նրան կռապաշտ: Հաջորդ փորձությունը քրիստոնյաների համար աթեիստական գաղափարների տարածումն էր գիտության զարգացման և կապիտալիզմի ծաղկման ժամանակաշրջանում: Իրենց գիտական նվաճումներից արբած գիտնականները այնքան նանրացան նյութական աշխարհի ճանաչողության գործընթացում, որ սկսեցին հերքել Աստծու գոյությունը, ամեն ինչ հանգեցնելով նյութականին, աշխարհիկին:

Բուրժուական հեղափոխությունների միջոցով իշխանություն ստացած մասոնական հակաքրիստոնեական ուժերը սկսեցին եռանդով խրախուսել հակաքրիստենեական գաղափարախոսությունների ստեղծումը ու տարածումը: Դրանցից ամենահայտնին դարվինիզմն է, որի նպատակն է մարդուն համոզել, որ նա Աստծո պատկերով ստեղծված արարած չէ, այլ սերում է կապիկներից:

Մյուս կողմից Վոլտերը, Դիդրոն, Ռուսոն, Մարքսը, Նիտշեն և այլ հակաքրիստոնեական մտածողներ օգտագործելով իրենց փիլիսոփայական և ճարտասանական հմտությունները խորացրեցին հակաքրիստոնեական գաղափարները, որոնք իրենց լրումին հասան կոմունիզմի հայեցակարգի մեջ: Քրիստոնեության դեմ կատաղի պայքարի ժամանակաշրջան էր 20-րդ դարը, երբ աշխարհում առաջացավ ընդգծված հակաքրիստոնեական, ուղավածություն ունեցող կայսրություն՝ Խորհրդային միությունը, որը միլիոնավոր մարդկանց հոգուց և գիտակցությունից արմատախիլ արեց քրիստոնեական աշխարհայացքը, փոխարինելով այն կոմունիստական գաղափարախոսության թեզերով ու գաղափարներով:

Առաջին հայացքից քրիստոնեական թվացող արևմտյան երկրներում 1960-ական թվականներին բռնկվեց հանգամանորեն ծրագրավորված մեկ այլ հոգևոր համաճարակ: Ժողովրդավարության, մարդու իրավունքների, լիբերալիզմի կարգախոսներով սքողված իրականացվեց հակաքրիստոնեական հեղափոխություն, ինչի արդյունքում քայլ առ քայլ, աստիճանաբար բարոյալքվեց և ապականվեց Արևմտյան քաղաքակրթությունը:

Անբարոյականությունը օրինականացվեց մարդու իրավունքների, անաստվածությունը՝ խղճի և դավանանքի ազատության, ազգադավությունը՝ լիբերալիզմի, աղանդավորությունը՝ հանդուրժողականության անվան տակ: Կաթոլիկ եկեղեցին չկարողանալով դիմակայել այսպիսի գրոհին աստիճանաբար սկսեց զիջել իր դիրքերը, այն աստիճան, որ նախկին Հռոմի պապ Բենեդիկտոսը ստիպված հրաժարական տվեց, իսկ գործողը՝ Ֆրանցիսկոսը, հանդես է գալիս միասեռականության նկատմամբ բացահայտ հանդուրժողական դիրքորոշումով, հայտարարելով. «եթե մարդը միասեռական է, և ունի բարի կամք ու ձգտում է Աստծուն, ես ո՞վ եմ որ դատեմ նրան»:

Ահա այսպիսին է ժամանակակից աշխարհի բարոյական և կրոնական վիճակը, որը մնացած փոքրաթիվ ուղղափառ հավատացյալների համար իրենից ներկայացնում է մարտահրավերների մի թնջուկ: Այսպիսով քրիստոնյային քրիստոնյա մնալու համար պետք է լավ հասկանալ աշխարհում տեղի ունեցող սատանայական գործընթացները, որոնց նպատակն է մարդուն կտրել Աստծուց և զրկել հավիտենական կյանքից: Գիտակցելով վերոնշյալ մարտահրավերները քրիստոնյան խնդիր ունի ճիշտ դիրք ընդունելու հասարակության մեջ, որպեսզի մի կողմից չմեկուսանա նրանից, մյուս կողմից կուլ չգնա նրա հորձանքին:

Անհրաժեշտ է, որպեսզի քրիստոնյան ամենուր համարձակությամբ խոստովանի իր հավատքը, առանց ամաչելու կամ վախենալու, քանզի Տերն ասում է. «Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ նրան կխոսովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է, և ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է»:

Քրիստոնյան իր բոլոր ընթացքներում պետք է ջանա Աստծո կամքով ապրել, հաճելի լինել Նրան, ոչ թէ մարդկանց, ինչպես որ սուրբ նահատակներն արեցին, սարսափելի չարչարանքների միջով անցան, բայց Տիրոջը չուրացան:

Այսպես ապրելու համար քրիստոնյան պետք է հստակ գիտակցի իր կյանքի նպատակը՝ այն է արժանանալ հավիտենական կյանքին: Մեր ամբողջ կյանքը պատրաստություն է մահվան օրվա համար: Սրբերն ասում են, եթե մահդ միշտ աչքիդ առաջ ունենաս՝ չես մեղանչի:

Բայց քրիստոնյան ունի մեկ այլ պարտականություն ևս՝ քարոզել Աստծո խոսքը: Տեր Հիսուս ասաց «Դու՛ք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտարակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են»:

Քրիստոնյան իր լույսը պետք է տարածի, ընտանիքում, ընկերական շրջապատում, պետք է պատմի մարդկանց թե Տերը ինչպես է փրկել իրեն մեղքից ու հոգևոր ունայնությունից, թե ինչ հրաշքներ են պատահել իր հետ, որովհետև այս վկայությունները կենդանի ուժ ունեն և կարող են մարդկանց դարձի առիթ դառնալ: Սակայն պետք է հիշել, որ թեև քրիստոնյան պարտավոր է ամենուր խոստովանել իր հավատքը, բայց ամենուր քարոզել պետք չէ, քանզի Տերն ինքը ասաց.

«Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք», իսկ Հին Կտակարանում Աստված հրամայում է Երեմիա մարգարեին դուրս գալ խստասիրտ ժողովրդի միջից ու չաղոթել նրա համար: Հետևաբար, խոսքը պետք է ասել ընդունելի ժամանակ և ընդունելի միջավայրում:

Ներկայումս քրիստոնյաների և մանավանդ քրիստոնյա երիտասարդության առաջ ծառացած են մի շարք խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում: Ժամանակակից երիտասարդության հետաքրքրությունների շրջանակը և վարքը ոչ միշտ է համընկնում քրիստոնեական բարոյականության նորմերին, և քրիստոնյա երիտասարդները հայտնվում են երկընտրանքի առաջ` մեկուսանա՞լ իրենց հասակակիցներից, կտրե՞լ կապերը, թե պահպանել հարաբերությունները այդ մարդկանց հետ: Այս պարագայում մենք պետք է առաջնորդվենք հետևյալ սկզբունքով` արա ամեն ինչ այնպես, որպեսզի քրիստոնեական դիմագիծդ չկորցնես, որովհետև դրա հետ կկորցնես և Սուրբ Հոգու ներկայությունը և փրկության ճանապարհը:

Պետք չէ խզել կապերը, բայց պետք չէ նաև զոհել քրիստոնեկան սկզբունքները մեղավոր մարդկանց աչքին հաճելի երևալու համար, դա երեսպաշտություն և վախկոտություն է: Այլ դու եղիր այնպիսին ինչպիսին որ կաս, իսկ կընդունեն քեզ թե ոչ, իրենք թող որոշեն: Պետք է հիշել, որ մեր վախերի համար Աստծո առաջ պատասխան ենք տալու, ինչպես որ Տերն է ասում. «Ով որ Ինձ եւ Իմ խոսքերն ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան ամոթահար կանի, երբ որ գա Իր եւ Հոր եւ Սուրբ հրեշտակների փառքով» (Ղուկ. 9:26) :

Հաջորդ խնդիրը որ, ծագում է, կապված է քրիստոնեական խոնարհության և ընդհանրապես քրիստոնյայի կերպարի նկատմամբ ոչ ճիշտ պատկերացումների հետ, որոնք դիտավորյալ ներմուծվել են հասարակության մեջ խորհրդային անաստվածության տարիներին: Վարկաբեկելու համար քրիստոնյայի կերպարը, կոմունիստական տեսաբանները նրան ներկայացնում են որպես խեղճ, անօգնական, թույլ, իրականության զգացումը կորցրած ողորմելի մարդ, որը ոչ ինքն իրեն կարող է պաշտպանել, ոչ էլ իր հարազատներին: Այնինչ սա իրականության հետ ոչ մի կապ չունի:

Խոնարհությունը և հեզությունը ոչ մի կապ չունեն խեղճության հետ: Լինել խոնարհ նշանակում է չլինել հպարտ, գոռոզ, ինքնահավան: Լինել հեզ նշանակում է չլինել կռվարար, անհաշտ, չար: Քրիստոս, որ հեզության և խոնարհության կատարյալ մարմնացումն է, մեզ երբեք չի քարոզում լինել խեղճ, և նրա մեջ էլ մենք երբեք չենք տեսնում խեղճություն, այլ տեսնում ենք զարմանալի խոնարհություն, որը բխում է զորությունից, որովհետև միայն հոգով զորավորը և վեհը կարող է խոնարհվել: Քրիստոնեական առաքինությունները` ներողամտությունը, համբերությունը, խոնարհությունը, ողորմածությունը իրագործելու համար մեծ հոգևոր զորություն է պետք, որը քրիստոնյան ստանում է անմիջապես Աստծուց:

Ներկա ժամանակաշրջանում` հրապուրիչ, գայթակղիչ, մարդու ուշադրությունը և մտքերը գրավող բազմաթիվ երևույթների առկայության պայմաններում, քրիստոնյան առավել քան երբևէ կարիք ունի հսկել իր զգայարանների վրա, այս աշխարհի երևույթներից անբնական կախվածության մեջ չընկնելու համար:

Պետք է խիստ չափավորել հեռուստացույցի, ինտերնետի, համակարգչի օգտագործումը, որոնք սարսափելի կախվածություն կարող են առաջացնել մարդու մոտ: Գայթակղության տարածված աղբյուր են սոցիալական ցանցերը, որոնք սխալ օգտագործման դեպքում կարող են ամբողջովին կլանել մարդուն: Գիտականորեն հաստատված է սոց. ցանցերում ժամեր անցկացնող մարդկանց մոտ տեղեկատվական կախվածության, տրամադրության անկման, սթրեսի, հարազատներից օտարացման, մտավոր ունակությունների նվազման երևույթների առաջացումը:

Պետք է ընտրողաբար և չափավոր կերպով երաժշտություն լսել, որովհետև ժամանակակից երաժշտության որոշ տեսակներ հանդիսանում են չարի ազդեցության գործիքներ:

Այսպիսով, Պողոս առաքյալի պես աշխարհը պետք է մեռած լինի մեզ համար, մենք էլ աշխարհի համար, այսինքն այս աշխարհում պետք է չլինի որևէ երևույթ, որին մենք հոգով ու սրտով կապված լինենք:

Մեր կյանքի իմաստը և առանցքը պետք է լինի հոգևորը: Այս նպատակին հասնելու համար մենք մեր հայացքը պետք է մշտապես ուղղած պահենք առ Աստված: Մենք պետք է ապրենք աղոթական կյանքով, որովհետև միայն այսպես կգտնենք մխիթարություն ու խաղաղություն: Նման կերպով ապրելու դեպքում մենք ինքնաբերաբար կազատվենք այս աշխարհի կապվածություններից և խաղաղությանբ կկնքենք մեր պանդուխտ կյանքը ու կարժանանանք Երկնքի Արքայության՝ ողորմությամբ Աստծո, որին փառք այժմ և միշտ և հավիտյանս, ամեն:

Տարոն Սիմոնյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս