«Սրանք նույնիսկ արժանի էլ չեն, որ ցավակցեն Գագիկ Գինոսյանի համար. երկրում ցանկացած բան վտանգի տակ է, ազգիցս սպասելիքներ ունեմ». Արսեն Համբարյան
Փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ 57 տարեկանում սրտի կաթվածից մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, նժդեհական և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։
Նիկոլ Փաշինյանը Գագիկ Գինոսյանի մահվան առիթով որևէ ցավակցական ուղերձ չի հղել նրա ընտանիքին ու հարազատներին։
Գագիկ Գինոսյանի մտերիմ ընկերների համար զարմանալի չէ այն, որ երկրի ղեկավարը որևէ ցավակցական խոսք չասաց Հայաստանի մշակույթում մեծ ավանդ ունեցած մարդու մահվան առիթով։
Գագիկ Գինոսյանի մտերիմ ընկեր, երգահան Արսեն Համբարյանի խոսքով՝ իշխանությունը չի ցավակցել, քանի որ նախ չունեն մեծահոգություն և հաշվի են առել այն բոլոր քննադատությունները, որոնք հնչեցրել է իրենց հասցեին Գագիկ Գինոսյանը։
«Հիմա մեր երկրում ցանկացած բան վտանգի տակ է, հետևաբար՝ հասկանալի է, որ այդպես էլ պետք է լիներ։ Ես նույնիսկ կասեմ, որ սրանք նույնիսկ արժանի էլ չեն, որ ցավակցեն Գագիկ Գինոսյանի համար։
Եթե մի քիչ մեծահոգություն ունենային, ապա գոնե պետք է թեկուզ ի պաշտոնե ներկա լինեին, թեկուզ չցանկանալով, որովհետև Գագիկը ժողովրդական ու սիրված մարդ էր։ Գոնե «ժողովրդավարության» կեղծ կանոններից ելնելով անեին։ Այդուհանդերձ, այսօր մեր երկրում այնքան վատ բաներ են կատարվում, որ այլևս այս դեպքից էլ չեմ զարմանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Համբարյանը։
Նա նաև ասաց, որ նույնիսկ իրեն լավ է զգացել, որ բարձրաստիճան որևէ մեկը ներկա չի եղել Գագիկ Գինոսյանի հուղարկավորությանը։
«Ես իշխանության վերաբերյալ ոչինչ չունեմ ասելու, սպասելիքներ չունեմ, բայց ես իմ ազգից ու ժողովրդից ունեմ սպասելիքներ։
Երեկ, օրինակ, ես տեսա, թե մարդիկ ինչքան համախմբված եկան Գագիկին հրաժեշտ տալու, սիրտս գոհացավ, որ մարդիկ սիրում են նրա տեսակը։ Բայց տխրեցի, որ երբ մարդը ողջ է լինում, կոչ է անում միանալու ու հարցերը միասին լուծելու՝ համախմբում չի լինում։ Պատկերացրեք, եթե այդքան մարդ համախմբվեր ու ի գործ դրվեր, արդյունքում շատ բան կփոխվեր։ Ու այսպես նվիրյալները որբ են մնում ու խոցելի, երբ դու քո թիկունքում չես զգում մարդկանց ամրությունը, դառնում ես խոցելի։ Դրա համար ուզում եմ, որ իմ ժողովրդի մեջ մի բան փոխվի, որպեսզի կարողանա տեր կանգնել իր հերոսներին ու նվիրյալներին՝ մինչև մահանալը»,- եզրափակեց Արսեն Համբարյանը։