Իրանի դեսպանի նոր կարևոր ուղերձները․ ինչի՞ է ձգտում Իրանը Հարավային Կովկասում

«Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը եղել է ամենաանվտանգը և երաշխիք է հանդիսացել երկուստեք ընդլայնվող կապերի ու շփումների, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկեցության ու բարօրության համար, ուստի Թեհրանն իր քայլերով ցույց է տվել, որ կտրականապես չի հանդուրժի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում»,- օրերս այս մասին Իրանի դիրքորոշումն է վերահաստատել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Դեսպան Սոբհանին ասել է, որ Իրանը կողմ է ՀՀ-ի հզորացմանն ու ուժեղացմանը։

«Ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի ՀՀ-ին, և որը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, մենք պատրաստ ենք ցուցաբերել»,- ընդգծել է Սոբհանին, նշելով, թե ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում խաղաղություն կբերի։

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ սպառնալիքներին։

«Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթե դուք լինեք ուժեղ, կկարողանա՞ն ձեզ սպառնալ։ Ես կարծում եմ, որ խաղաղության չհասնելու գաղտնիքը դա ուժի հավասարության գոյություն չունենալն է։ Եթե դուք ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ»,- հայտարարել է Սոբհանին։

Կարդացեք նաև

Ըստ նրա` հենց այդ առումով էլ Իրանը ՀՀ-ի հետ հարաբերությունները համարում է ռազմավարական, և այս շրջանակում կա փոխադարձ ընկալում. Իրանը գտնում է, որ դա բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից։

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջ քաշվող «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, դեսպանն ընդգծել է, որ աշխարհում կա ընդունված մոտեցում, որի համաձայն՝ միջանցքն ընկալվում է՝ որպես կոմունիկացիոն կապի հնարավորություն, սակայն մեր տարածաշրջանում դա ընկալվում է բոլորովին այլ կերպ, ուստի Իրանն իր քայլերով հստակ ցույց է տվել, որ չի հանդուրժի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն այս տարածաշրջանում։

«Մենք ողջունում ենք բոլոր ճանապարհների ու հաղորդակցությունների ապաշրջափակումը, եթե այն տեղի ունենա երկրների շահերի հիման վրա և նրանց ինքնիշխանության ներքո։ Մենք կողմնակից ենք Հայաստանի հզորացմանն ու ուժեղացմանը, խաղաղության և կայունության հաստատմանը, ուստի այդ ամենին մեր տարածաշրջանում կնպաստի միայն ուժերի հավասարակշռությունը։ Ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի Հայաստանին հետագա զարգացման համար, պատրաստ ենք տրամադրել»,- հավաստիացրել է Սոբհանին։

Խոսելով «3+3» ձևաչափի մասին՝ Սոբհանին հիշեցրեց, որ այն նախատեսված է նախևառաջ տարածաշրջանի երկրների միջև առկա հիմնախնդիրները սեփական կարողություններով լուծելու համար, և եթե ձևաչափն արձանագրի շոշափելի ձեռքբերումներ, ապա բոլոր երկրներն էլ շահագրգիռ կլինեն ներգրավվածության ու նիստերին մասնակցելու հարցում։

Դեսպանը խոսել է նաև կապուղիների մասին՝ ասելով․ «Եթե ​​համեմատենք Ադրբեջանով և Հայաստանով անցնող դեպի Սև ծով երթուղիները, ապա կտեսնենք, որ այդ երթուղին Հայաստանի տարածքով կարելի է անցնել երկու օր ավելի շուտ։ Հայաստանով անցնող ճանապարհի գրավչությունն էլ ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ է ազատականացնել օրենքները, նվազեցնել մաքսատուրքերը, կառուցել նոր ճանապարհներ կամ բարելավել գոյություն ունեցողները»։

Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել երկու երկրների պատվիրակությունների հանդիպում, որոնք կաշխատեն այս ուղղությամբ։

«Իրանի համար Հայաստանը դեպի հյուսիս և Սև ծով ելքի համար լավագույն ուղղությունն է։ Իսկ Հայաստանի համար Իրանը նաև դեպի հարավ՝ նույն Չաբահար նավահանգիստ, ելքի համար լավագույն ուղղությունն է»,- հավելել է դեսպանը։

Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը ներկայացրել է ՀՀ-ի վերաբերյալ Իրանի բոլոր կարևոր մոտեցումները՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիություն, ռեգիոնի աշխարհաքաղաքականության անփոփոխելիություն և ռեգիոնալ կապուղիների հարցում ՀՀ-ով անցնող երթուղիների նախընտրելիություն։

Ըստ նրա, Իրանը դիրքավորված է՝ որպես ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր, որը պարզապես արձանագրված չէ փաստաթղթերով։

«Փաստաթղթային արձանագրում չունեցող Իրանի այս դիրքորոշումը պետք է որ ավելի կարևոր ու առանցքային լինի, քան այն, ինչ գրվում է, սակայն մնում թղթի վրա։ Այն սպառնալիքների ֆոնին ու աշխարհաքաղաքական այն միջավայրում, որում Հայաստանն է, սա ծանրակշիռ դիրքորոշում է, որովհետև Իրանը ռեգիոնում իրենից ներկայացնում է կոնկրետ ուժ՝ հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։

Իրանի դիրքորոշումներն այդ շրջանում մեծ դիմադրություն առաջացրին, սակայն, ինչպես տեսնում ենք այժմ, դրանք հարգվում են և հաշվի առնվում, մնացած շատ հարցեր պարզապես կախված են Հայաստանից, թեև այդ հարցերում ևս Իրանն իր պատրաստակամությունն է հայտնում։ Կարևոր է նաև, որ չնայած Իրան-Ադրբեջան բնականոն հարաբերություններին, Իրանը նախընտրում է ճանապարհներ ՀՀ տարածքով, որոնք թե ՀՀ-ի, թե Իրանի համար ռազմավարական ու աշխարհատնտեսական նշանակություն ունեն»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ Իրանն ունի հստակ շահեր և առաջնորդվում է դրանցով, նույնիսկ երբեմն փորձելով չնկատել, թե իր գործընկեր երկրները կամ հարևաններն ինչպիսի քաղաքականություն են վարում։

«Իրանն ավելի զուսպ, սակայն հետևողական դիվանագիտական ավանդույթներ ունի, որոնք իրենց նպատակակետին հասնում են աշխարհաքաղաքական վերափոխումների գործընթացի ֆոնին։ Իրանը դեմ է ռեգիոնում Արևմուտքի ներկայությանը, մասնավորապես՝ ԵՄ դիտորդների ներկայությանը, առաջարկել է և առաջարկում է իր ավելի մեծ ներգրավվածությունը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում, սակայն դրա չափը որոշում է ՀՀ իշխանությունը։ Այնուամենայնիվ դրական է, որ չնայած Արևմուտքի հետ կապերին, համագործակցություն կա, որի ապագան կուրվագծվի աշխարհաքաղաքական նոր միջավայրի շնորհիվ, երբ բոլոր ուժերը գտնեն իրենց իրական տեղը ռեգիոնում»,- ասաց Բարզեգարը։

Նրա կարծիքով, ՀՀ-ն պետք է էլ ավելի շահագրգռված լինի Իրանի հետ ռազմավարական համագործակցության խորացմամբ, հաշվի առնելով այն օգուտները, որոնք կողմերը ստանում են այդ համագործակցությունից։

«Առաջին օգուտը, իհարկե, կայունությունն է։ Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ ռեգիոնալ իրավիճակը, եթե չլիներ Իրանի դիրքորոշումը՝ ի աջակցություն Հայաստանի ամենաբարձր մակարդակով»,- ընդգծեց վերլուծաբանը։

Նա կարևորեց վերջերս Թուրքիայում ԻԻՀ նախագահի արած հայտարարությունը բազմաբևեռ աշխարհի մասին։

Բարզեգարի խոսքով, Իրանի դերը ու ՀՀ-ի վերաբերյալ դիրքորոշումները, ռեգիոնալ ավելի մեծ դերակատարության հայտը պետք է ընկալել հենց այդ վերափոխումների կոնտեքստում։

Տեսանյութեր

Լրահոս