Հայաստանը դժվար թե հրաժարվի ԵԱՏՄ անդամակցությունից, Երևանին դա ձեռնտու չէ. ՌԴ ԱԳՆ

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը ձեռնտու չէր լինի Հայաստանի համար, դա հակասում է Երևանի շահերին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

Հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն շարունակում է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական համագործակցության շրջանակում հենց այս համատեքստում՝ «ձգտելով կանխել եվրասիական ինտեգրման քաղաքականացման բոլոր փորձերը»:

Պանկինի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, երկիրը վերջին մի քանի տարիների ընթացքում միության շրջանակում առաջատար է դարձել այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ աճը, ներդրումները հիմնական կապիտալում, կատարված շինարարական աշխատանքների ծավալը և այլն:
«Այս ամենը մեծապես հնարավոր է դարձել միության շրջանակում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության, ձեռնարկությունների բացման ընթացակարգի պարզության, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների և այլ բաների շնորհիվ։ Այսպիսով, տնտեսական տեսանկյունից Երևանին, անշուշտ, ձեռնտու է միությանն անդամակցելը, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասեր երկրի շահերին»,- ասել է դիվանագետը։

Պանկինն ավելացրել է, որ Փաշինյանի կողմից հնչեցված առաջնահերթությունները համահունչ են ինտեգրացիոն շինարարության ոլորտում ընդհանուր մոտեցումներին, և ՌԴ-ն արդյունավետ համագործակցության է տրամադրված:

Փետրվարի սկզբին Փաշինյանը, ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, հայտարարել էր, որ 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել շուրջ 7,8 մլրդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս