
Գարեգին Խումարյան. «Ես կատարել եմ մասնագիտական պարտքս». «Ազատություն»

Հայաստանի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը «զուտ ինտուիտիվ»՝ համաձայն չէ Հանրային հեռարձակողի պնդման հետ, թե Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները վիճարկող իր հոդվածով՝ չարաշահել է լիազորությունները և պաշտոնը: Խումարյանն այդ մասին ասաց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ Խորհրդի հայտարարությունից անմիջապես հետո:
Գարեգին Խումարյանի հետ հարցազրույցի տեքստը՝ ստորև.
– Պարոն Խումարյան, ինչպե՞ս եք նախ գնահատում Հանրային հեռարձակողի խորհրդի այսօրվա հայտարարությունը, Դուք համաձա՞յն եք, որ չարաշահել եք Ձեր լիազորությունները և պաշտոնը:
– Ներկայում ես միջանկյալ տեսակետ եմ հայտնում, զուտ ինտուիտիվ, որովհետև խորհրդի մեր հարգելի գործընկերների հրապարակած փաստաթուղթը այս պահին ուսումնասիրում են Հանրային ռադիոընկերության իրավաբանները: Զուտ ինտուիտիվ, զուտ մասնավոր՝ ես դրա հետ համաձայն չեմ, սպասում եմ՝ ինչ կասեն մեր ընկերության իրավաբանները:
Ինչ վերաբերում է Հանրային ռադիոընկերության կայքը օգտագործելուն, ապա ես մեծ լրագրողական կոլեկտիվի մաս եմ, ես էլ այստեղ աշխատող լրագրողներից մեկն եմ, պարբերաբար գրում եմ ինչ-որ թեմաներով: Ես քիչ առաջ նայեցի՝ ես մոտ 10 հրապարակում ունեմ իմ սյունակի տակ, համենայնդեպս, մինչ այս որևէ խնդիր երբեք չի եղել:
– Խորհուրդը նշում է, որ «առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրենի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին», այսինքն՝ դա դեռ որոշված չէ: Կա՞ն որոշակի էթիկական և իրավական նորմեր, որոնք Ձեզ արգելում են Հանրային ռադիոյի կայքում արտահայտել Ձեր մտքերը:
– Կրկին՝ միջանկյալ և շատ ինտուիտիվ: Ես ևս մեկ անգամ անցել եմ Հանրային ռադիոընկերության կողմից որդեգրված էթիկական կանոնագրքով և որևէ խնդիր այդտեղ չեմ տեսել: Բայց սպասենք խորհրդի եզրակացությանը, որով զբաղվելու են ընկերության իրավաբանները:
– Դուք այստեղ տեսնո՞ւմ եք ճնշում այս հայտարարությամբ Ձեր նկատմամբ՝ հաշվի առնելով, որ Դուք քննադատության էիք ենթարկել Փաշինյանի հայտարարությունները:
– Ես չգիտեմ՝ քննադատության ենթարկել եմ, թե՝ ոչ, ես կատարել եմ մասնագիտական պարտքս: Մենք ակնհայտորեն թույլ պրոդուկտ ենք հեռարձակել՝ օրինակ, համեմատած ձեր հարգելի ընկերության վերջին հարցազրույցի հետ՝ վարչապետի հետ, ու ես արել եմ այն, ինչ որ պետք է անեմ՝ ես, այո, ներողություն եմ խնդրել խնդրահարույց հաղորդման համար, որը ակնհայտորեն ավելի թույլ էր, քան կարող էր լինել:
– Բայց, ամեն դեպքում, նաև խոսում էիք, ճի՞շտ է, Փաշինյանի արտահայտած այդ մտքերից…
– Խնդիրը գիտե՞ք որն է՝ Հանրային ռադիոընկերության ղեկավարը և լրագրողներն առհասարակ իսկապես փոքր-ինչ կաշկանդված են քաղաքական բնույթի տեսակետներ արտահայտելու առումով, բայց ես չեմ խոսում քաղաքական բնույթի հարցերի մասին, ես խոսում եմ հարցերի մասին, որոնք մի աստիճան ավելի վերև են, քան քաղաքականությունը: Խոսքը գոյաբանական, օնթոլոգիկ, աքսեոլոգիկ հարցերի բնույթի հարցերի շուրջ է, որոնք վեր են քաղաքականությունից, և լայն իմաստով դրանք են, որ պայմանավորում են քաղաքականությունը: Որպես այդպիսին՝ քաղաքականության մեջ չեմ մտել և այդ առումով ես գործել եմ ըստ մանդատի:
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները հրաժարվեցին պատասխանել «Ազատության»՝ իրենց հայտարարության հետ կապված հարցերին: