Տիեզերագնաց Կոնոնենկոն տիեզերքում մնալու ընդհանուր ժամանակի համաշխարհային ռեկորդ է սահմանել
Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) աշխատող «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերական թռիչքների գումարային տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Մոսկվայի ժամանակով ժամը 11:30:08-ին Կոնոնենկոն գերազանցել է հայրենակից Գենադի Պադալկայի նվաճումը, որը հինգ տիեզերական թռիչքների ընթացքում հավաքել է 878 օր 11 ժամ 29 րոպե 48 վայրկյան:
Կոնոնենկոն, ով «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացների ջոկատի հրամանատարն է, իրականացնում է իր հինգերորդ տիեզերական թռիչքը: Ընթացիկ արշավի ավարտից հետո (ըստ պլանի ՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին) Կոնոնենկոյի տիեզերքում լինելու ընդհանուր ժամանակը կկազմի 1110 օր։
Օլեգ Կոնոնենկոն ծնվել է 1964 թվականի հունիսի 21-ին Թուրքմենական ԽՍՀ Չարջոու քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Խարկովի Ժուկովսկու անվան ավիացիոն ինստիտուտը՝ «Թռչող սարքերի շարժիչներ» մասնագիտությամբ՝ «ինժեներ-մեխանիկ» որակավորմամբ։ 1996 թվականից մինչև 1998 թվականը Տիեզերագնացների պատրաստման Գագարինի անվան կենտրոնում անցել է ընդհանուր տիեզերական ուսուցում: 1998 թվականի մարտին նրան շնորհվել է «տիեզերագնաց-փորձարկող» որակավորում։ Կոնոնենկոն առաջին տիեզերական թռիչքը կատարել է 2008 թվականի ապրիլի 8-ին՝ որպես ՄՏԿ-ի 17-րդ հիմնական արշավախմբի կազմում, Երկիր վերադառնալը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 24-ին։