Բաժիններ՝

ԵՄ-ն Ուկրաինային օգնելու համար ռազմական հիմնադրամ կստեղծի. Բորել

Եվրամիությունը նախատեսում է խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Ուկրաինային օգնելու ռազմական հիմնադրամ ստեղծել։ Այս մասին hայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո, գրում է korrespondent.net-ը:

«Այսօր բովանդակային քննարկում է եղել Ուկրաինային ռազմական օգնության մասին, քննարկել ենք իրավիճակը մարտադաշտում, ռազմական մատակարարումների հետ կապված իրավիճակը, Ուկրաինային աջակցության հիմնադրամի ստեղծումը, որը, հուսով եմ, կհամաձայնեցվի առաջիկա օրերի ընթացքում` Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում»,- ասել է դիվանագետը:

Բորելը հավելել է, որ ԵՄ-ն հստակ դիրքորոշում է պահպանում Ուկրաինային աջակցելու հարցում։

«Ուկրաինան ավելի ու ավելի արագ աջակցության կարիք ունի: Այդ օգնությունը պետք է հասնի հիմա: Ուկրաինայի հաղթանակը կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայում խաղաղության և կայունության համար»,- ընդգծել է նա:

Ուկրաինայի ռազմական աջակցության հիմնադրամի ստեղծման նախաձեռնողը Բորելն է։ Նա առաջարկել է ԵՄ-ին ստեղծել այն արդեն գոյություն ունեցող Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում՝ 20 միլիարդ եվրո ծավալով առաջիկա չորս տարիների ընթացքում։ Այս հիմնադրամից գումարները կծախսվեն Ուկրաինային ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու և մատակարարելու, ինչպես նաև եվրոպական պաշտպանական արդյունաբերության հզորացման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս