102-րդ ռազմաբազայի դեմ աշխատելու, հետախուզելու խնդիր է դրված

ՀՀ կառավարությունը հունվարի 25-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով հավանություն տվեց Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին։

Այս համաձայնագրով ԵՄ առաքելության դիտորդների համար դյուրին պայմաններ են ստեղծվելու՝ սկսած առողջապահությունից մինչև տեխնիկական խնդիրներ, և այդ կարգավորումները նման են այն լիազորություններին, որոնք ունեն դիվանագետները տարբեր երկրներում։

168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանը ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը դիտարկեց ընդդեմ Ռուսաստանի և Իրանի գործունեության համատեքստում։

«Դիտորդները ՆԱՏՕ անդամ երկրների հատուկ ծառայությունների և ռազմական հետախուզության աշխատակիցներ են, որոնց առաջ խնդիր է դրված՝ աշխատել Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեմ և տեղեկատվություն հավաքել։ Խնդիր է դրված նաև աշխատել Իրանի դեմ»,- ասաց Նահապետյանը, միևնույն ժամանակ համարեց, որ հենց դրանով են պայմանավորված Ռուսաստանից և Իրանից արվող հայտարարությունները, որոնք, ըստ նրա, առայժմ հայտարարություններ են, բայց կարող են շատ արագ փոխակերպվել գործողությունների։

«Եթե պահը հասավ նրան, որ Ռուսաստանը վտանգն այնքան առարկայական զգա, որ պետք է կանխարգելիչ հարված հասցնի, դա կանի, որովհետև հավաքական Արևմուտքի նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է՝ նաև Հարավային Կովկասից»,- ասաց Նահապետյանը։

Նշենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները, որոնք «զինված» են հեռադիտակով և նոթատետրով, տեղակայված են միայն Հայաստանի սահմանին, քանի որ ադրբեջանական կողմը չի թույլատրել դիտորդների տեղակայումն իր տարածքում։ Հավելենք, որ նրանք անում են մի բան, որը ժամանակակից թե՛ տեխնիկական, թե՛ հետախուզական միջոցներով հնարավոր է անել՝ առանց սահմաններին մարդու ներկայության։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս