Եթե կերակրում ես չարին, նա միշտ գալիս է քեզ մոտ
Փորձություններն անպակաս են բոլորի կյանքից: Երբեմն մարդիկ, հայտնվելով ծանր դրության մեջ, սկսում են մեղադրել բոլորին, անգամ Աստծուն՝ վատ վիճակում հայտնվելու համար:
Փորձանքների մեջ չընկնելու համար՝ պետք է միշտ արթուն մնալ, քանի որ մեր կյանքն աներևույթ պատերազմ է՝ չավարտվող, շարունակ զգոնություն պահանջող, նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Արթուն լինե՛նք, քանի որ չարը միշտ փորձելու է
Եթե շարունակ ծանր փորձությունների մեջ ենք ընկնում, չպետք է մեղադրել ոչ մեկի: Ինքներս պետք է հարցի պատասխանը գտնենք, խորհուրդ է տալիս Տեր Բաբկենը.
«Փորձենք հասկանալ, թե որտեղ ենք սայթաքել, սխալվել, գայթակղվել, ծուռ գնացել, երբ ենք հեռացել Տիրոջից: Փառք տանք Աստծուն ու հավատանք, որ մեզ կօգնի հաղթահարել դժվարությունը»:
Կարևոր է միշտ աղոթելը: Տերունական աղոթքում նշվում է՝ «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն»:
Դրախտից վտարման պատճառը փորձությունն էր: Մեղքը նաև մարդունն էր, որ գայթակղվեց: Այդ պատճառով զգոնությունը չի կարելի կորցնել: Փորձիչը չարն է, սատանան: Նա միշտ փորձելու է, քանի որ նախանձ է ու բանսարկու, նշում է Տեր Բաբկենը.
«Եթե կերակրում ես չարին, նա միշտ գալիս է քեզ մոտ: Եթե չկերակրեցիր՝ այսինքն՝ չգայթակղվեցիր, հեռանալու է, որովհետև դու նրա համար հետաքրքիր չես»:
Որոշ փորձություններ, քահանան դրանք նաև անվանում է խրատներ, Տիրոջ կողմից են, որպեսզի օգնեն մարդկանց, թույլ տան զարգանալ, կատարելագործվել, մոտենալ Աստծուն:
Օրինակ, երբ ծնողը սիրում է իր զավակին նաև խրատում է, երբեմն կարող է հանգստից զրկել, ստիպում է շարժվել, աշխատել, որպեսզի այդ երեխան լավ մարդ դառնա: Նույն ձևով վարվում է նաև Տերը, քանի որ սիրում է:
Կարող ենք հաղթահարել բոլոր փորձությունները
Մարդիկ երբեմն դժգոհում են, թե այնպիսի ծանր վիճակում են հայտնվել, որ չեն կարող դժվարությունները հաղթահարել: Տեր Հայրը վստահեցնում է՝ մենք միշտ կարող ենք հաղթահարել բոլոր փորձությունները:
Այդ պայքարում հաղթելու համար՝ պետք է ընթերցել Սուրբ Գիրքը, որտեղ կարելի է գտնել բոլոր հարցերի պատասխանները: Պետք է աշխատենք, մաքրվենք, հեռու վանենք բացասականը:
«Նշվում է՝ երբ երկրից արդարություն բարձրացավ, երկնքից իջավ խաղաղություն: Այսինքն՝ եթե մարդ արդար է, այդ խաղաղությունը միշտ նրան մոտենալու է: Դա վերաբերում է նաև ընտանիքին, ընկերությանը, ազգին»,-ընդգծում է հոգևորականը:
Փորձությունները երբեմն բերում են փորձառություն: Դրանք կարող են դառնալ փորձանք, երբ մենք իմաստուն չենք, տգետ ենք: Այլ պատկեր է ստեղծվում, երբ իմաստուն ենք, պայքարում ենք, ունենք հույս ու հավատ: Այդ դեպքում կստանանք նաև ուժ, պարգև: Քահանան հիշեցնում է Հոբի օրինակը: Նա զրկվեց ունեցվածքից, կնոջից, զավակներից: Մինչև վերջ համբերեց: Տերը, տեսնելով նրա խոնարհությունը, նրան պարգևատրեց:
Անի Ավագյան