Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մահացությունը վերջին 4 տարում նվազել է 6.4 տոկոսով. ՈՒԱԿ տնօրեն
Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մահացությունը վերջին 4 տարում նվազել է 6.4 տոկոսով:
Այս մասին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը Ջերմուկում անցկացվող Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի շրջանակում ունեցած ելույթում:
«Վերջին 4 տարում Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մահացությունը նվազել է 6.4 տոկոսով: Բայց ցանկանում եմ հասկանանք, որ նման հաջողության հասել ենք 3 կարևոր օղակների՝ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին արված ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Ըստ Մանուկյանի՝ առաջինն ուռուցքաբաններն են, որոնք մշտապես վերապատրաստում են անցնում: Կենտրոնի տնօրենը նման ցուցանիշի հասնելու գործում կարևորեց նաև կառավարության դերը՝ ի դեմս առողջապահության նախարարության:
2019 թվականից չարորակ ուռուցքների վիրահատությունը, ճառագայթային բուժումն իրականացվում են պետպատվերի շրջանակում, իսկ դեղորայքային բուժումը՝ համավճարի սկզբունքով: «Պացիենտները, իմանալով, որ բուժումն անվճար է, սկսեցին կարիքի դեպքում ավելի հաճախ դիմել ուռուցքաբաններին: Եթե նախկինում ախտորոշվելուց հետո մեծ քանակի պացիենտներ չէին դիմում բուժման՝ գումար չլինելու պատճառով, ապա ներկայում նման դեպքերի թիվը կտրուկ նվազել է, ինչը բերեց վիրահատությունների, դեղորայքային, ճառագայթային բուժման կուրսերի կտրուկ ավելացման, որը և ազդեց այս արդյունքների վրա»,-ասաց Մանուկյանը:
Ըստ նրա՝ պետության կողմից հավելյալ մեծ գումարների ներմուծումը ևս ազդել է այդ արդյունքների վրա:
Այս արդյունքին նպաստած երրորդ գործոնը Մանուկյանը համարեց բուժհաստատությունների կողմից ուռուցքաբանությանն ավելի շատ ուշադրություն դարձնելը:
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: 2021 թվականից Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, տնօրեն Նարեկ Մանուկյանի նախաձեռնությամբ, Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում կազմակերպում և անցկացնում է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը։ Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։ Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսն այս տարի անցկացվում է փետրվարի 2-5-ը Ջերմուկ քաղաքում։ Կոնգրեսն այս տարի ունի ավելի քան 50 զեկուցողներ՝ Հայաստանից, Ռուսաստանից , ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Վրաստանից, Քաթարից, Ուկրաինայից և Իրանից: