«Այսօր, առավել, քան երբևէ պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության հայրենադարձության հարցը». Օսկանյան

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախմբի երեկվա հայտարարությանը, որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական կազմը։

«Ես ուզում եմ այս հայտարարությունը լրացնել մի քանի մեկնաբանություններով։

Առաջին, ինչպես նշված է հայտարարությունում, սա Հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում անպայմանորեն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից։

Երկրորդ, Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը՝ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է։

Երրորդ, ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։

Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Վարդան Օսկանյանը։

Տեսանյութեր

Լրահոս