Apple-ը դարձել է աշխարհում ամենաթանկ ապրանքանիշը
Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը, մինչդեռ Amazon-ը, որն անցյալ տարի առաջատար դիրք էր զբաղեցնում, իջել է միանգամից չորրորդ հորիզոնական: Այս մասին ասվում է Brand Finance Global 500 ամենամյա հետազոտության մեջ:
Apple ապրանքանիշի արժեքը մեկ տարում կտրուկ աճել է 74 %-ով՝ հասնելով 516,6 մլրդ դոլարի այն դեպքում, երբ Amazon-ինն աճել է ընդամենը 3,2 %-ով՝ հասնելով 308,9 մլրդ դոլարի։
Վարկանիշային աղյուսակում չորրորդից երկրորդ դիրք է բարձրացել Microsoft-ը՝ գրանցելով գրեթե 78 %-ով աճ (մինչև 340,4 մլրդ դոլար): Google-ը մնացել է երրորդ հորիզոնականում (18,5 %-ի աճ՝ մինչև 333,4 մլրդ դոլար):
Հաջորդը Samsung-ն ու Walmart-ն են, որոնք նախորդ տարվա համեմատությամբ փոխվել են տեղերով։ Առաջին ապրանքանիշի արժեքը նվազել է 0,3 %-ով` մինչև 99,4 մլրդ դոլար, երկրորդինը՝ 15 %-ով` մինչև 96,8 մլրդ դոլար։
Տասներորդից յոթերորդ հորիզոնական է բարձրացել TikTok-ը (28 %-ի աճ՝ մինչև 84,2 մլրդ դոլար), տասնչորսերորդից ութերորդ դիրք է բարձրացել Facebook-ը (28 %-ի աճ՝ մինչև 75,7 մլրդ դոլար), տասնմեկերորդից իններորդ տեղում է հայտնվել Deutsche Telekom-ը (16,5 %-ի աճ՝ մինչև 73,3 մլրդ դոլար): Նրանք չինական ICBC բանկին (3,3 %-ի աճ՝ մինչև 71,8 մլրդ դոլար) նախորդ տարվա յոթերորդ տեղից մղել են տասներորդ, իսկ Verizon-ին (6,4 %-ի աճ՝ մինչև 71,75 մլրդ դոլար)` ութերորդից 11-րդը:
Deutsche Telekom-ը դարձել է հեռահաղորդակցության ամենաթանկ ապրանքանիշը՝ առաջ անցելով Verizon-ից։ Այն նաև առաջին տեղն է զբաղեցնում եվրոպական բոլոր ապրանքանիշների շրջանում։
Tesla ապրանքանիշն էժանացել է 12 %-ով (մինչև 58,3 մլրդ դոլար), ինչի արդյունքում 2023 թ. իններորդից միանգամից իջել է վարկանիշային աղյուսակի 18-րդ հորիզոնական։
Արժեքի աճի ամենաարագ տեմպերը ցուցաբերել է Nvidia ապրանքանիշը, որը մեկ տարի առաջվա 117-րդ տեղից բարձրացել է 30-րդ հորիզոնական (աճը՝ 163 %՝ մինչև 44,5 մլրդ դոլար)։
Թոփ 500-ում տեղ են գտել 201 ամերիկյան ապրանքանիշներ. նրանց բաժին է ընկնում ընդհանուր արժեքի կեսից ավելին, նշվում է հաղորդագրության մեջ։ Բացի ԱՄՆ-ի և Չինաստանի ապրանքանիշներից, թոփ-30-ի մեջ մտնում են ընդամենը վեց ընկերություններ՝ Samsung-ը, Deutsche Telekom-ը, Mercedes-Benz-ը, Toyota-ն, Shell-ը և Allianz-ը: