Դե թող Եվրոպան ռեալ սանկցիաներ կիրառի և հրաժարվի ադրբեջանական գազից. պատմական հարիֆների ազգ ենք. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև

  • Որևէ ռեալ բան ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատվիրակության մեկ տարով վտարումից սպասել պետք չէ։ Ընդհակառակը, արդյունքում Ադրբեջանի ձեռքերը կարձակվեն։ Եթե Եվրոպայում ուզենան ռեալ սանկցիաներ կիրառել՝ կհրաժարվեն ադրբեջանական գազից։ Դրանով է Ադրբեջանն իրականություն դարձնում իր բոլոր նվաճողական նկրտումները։ Սա ուղղակի Հայաստանին ուղղված բարոյական ժեստ է, ուրիշ ոչինչ։

  • Բայդենի վարչակազմը Մերձավոր Արևելքում ֆինանսավորում է Ցեղասպանություն։ Մի քանի օր առաջ Հաագայի դատարանը դատապարտեց դա, ինչին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պատասխանեց՝ թքած ունեմ ձեր որոշման վրա։ Ես պաշտպանում եմ Իսրայելի անկախությունը։
  • Որտեղի՞ց է մեր մեջ էս հարիֆությունը, ես չգիտեմ։ Այս թատրոնը մեզ շատ է խանգարում։ Ֆրանսիացիներն ու ամերիկացիները շատ ավելի լավ են տեսնում՝ ինչ է մեր շուրջը կատարվում, քան ֆրանսիացիներից, ամերիկացիներից փող ստացող հայաստանյան քարոզիչները, որոնք սուտ, կեղծ հույսեր են տալիս մեր հասարակությանը՝ շեղելով իրական վտանգներից և հնարավորություններ գտնելու ջանքերից։ ԱՄՆ-ը հստակ և անկեղծորեն հայտարարում է՝ մենք Կովկասում ունենք շահեր, բայց ոչ կենսական։ Ինչո՞ւ չեք լսում։ Ինչո՞ւ եք հավատում կեղծ քարոզիչներին։ Մենք պատմական հարիֆների ազգ ենք։
  • Երբ որ Հայաստանում այդ սև տարին՝ 2018թ.-ը, հեղափոխություն կոչվածը եղավ, ոստիկանությունը բավական զուսպ էր, բայց ես չեմ հիշում, որ եվրոպացիները մի ձայն հանեին, երբ անցյալ տարի ոստիկանությունը մտնում էր բուհեր, ուսանողների թևերը ոլորում ու տանում… Բա ո՞ւր է ժողովրդավար Եվրոպան։ Թող Ալիևի, Էրդողանի մոտ էլ լինի թավշյա հեղափոխություն, Սորոսի հիմնադրամն ինչո՞ւ չի ֆինանսավորում դա։
  • Վրաստանի արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է Թուրքիայի հետ։ Վրաստանի ռազմավարությունը Թուրքիայի հետ է կապված, ոչ Հայաստանի։ Միակ բանը, որ մենք Վրաստանից կարող ենք խնդրել, այն է, որ ճանապարհները Հայաստան եկող զենքի առաջ չփակի։ Բայց դա էլ հնարավոր չէ, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տա, ինչպես փակեցին ճանապարհը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հայաստանի իշխանություններն օրեր առաջ  Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր են ստորագրել՝ առանց ռազմական բաղադրիչի։ Նման պայմանագիր մենք պիտի Իրանի հետ ստորագրեինք, ինչը Արևմուտքը թույլ չի տալիս։ Դրա համար են գնում-գալիս այստեղ։
  • Մենք մահացող կենդանի ենք դարձել․ մեր մարմինը սկսել են պատառ-պատառ անել։ Ադրբեջանական զորքերը Երևանից 100 կմ են հեռու։ Եթե Հայաստանը գրավեն, Վրաստանն էլ կարող է առիթից օգտվել ու Լոռին վերցնել, ինչպես եղել է 100 տարի առաջ։
  • Ալիևն իր խաղը շատ լավ է խաղում․ նա ուժով է հասնելու ամեն ինչին՝ նախապատրաստելով դրա նախադրյալները։ Խաղաղություն չի լինելու, քանի դեռ ուժերի հարաբերակցությունը չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ պատերազմով կհանձնի, որ իրեն դավաճան չասեն։
  • Այս վարչախումբը մինչև իրենց կյանքի վերջ իրենց արդարացնելու են։ Նրանք երբեք չեն ընդունելու, որ տապալել են ամեն ինչ։
  • Բոլորը գիտեն՝ Էրդողանն ուզում է ստեղծել նոր Օսմանյան կայսրություն, բայց դա որևէ մեկին չի անհանգստացնում։ Զանգեզուրի միջանցքը Թուրքիային դրա համար է պետք։ Մենք Ղարաբաղով փակեցինք Թուրքիայի հաշիվները, որովհետև զբաղված էինք խաղաղության դարաշրջանով։ Այս տարին շատ վտանգավոր տարի կարող է լինել Հայաստանի համար։

Կարդացեք նաև

  • Մեր մարմինն ապրում է Արևելքում, իսկ սիրտը՝ Եվրոպայում։ Մեր մարմինը մեր գլխից անջատ է գործում։ Մենք ստեղծում ենք էմիգրացիայի համար պատրաստվող վերնախավ։ Դա էլ է հետևանք այն բանի, որ մենք մեզ համարում ենք վտարանդի եվրոպացիներ։ Հայաստանի կեսը Լոս Անջելեսում եղել է, իսկ քանի՞ մարդ է եղել Թեհրանում, քանի՞սը գիտեն՝ որտեղ են Իրանում ապրում հայերը։ Մենք չենք հետաքրքրվում մեր տարածաշրջանով։ Մեր արտաքին քաղաքականությունը չպետք է ուղղորդվի զգացմունքներով, այլ պետք է ուղղորդվի հաշվարկներով, անվտանգային շահերով։
  • Մեր բանակը միշտ է կռվել, բայց երբ երկրի ղեկավարությունը ջախջախում է երկրի դիվանագիտությունը, ինչո՞ւ պիտի մեր զինվորները զոհվեն։
  • Թուրքիան կարևոր պետություն է աշխարհի համար։ Հայերի համար ոչ ոք Թուրքիայի հետ չի վիճելու։ Այդ առաջ էր, որ երբ Արցախ ունեինք, ուժեղ էինք, մեզ հետ հաշվի էին նստում։ Հիմա մենք ոչ մեկի հետաքրքիր չենք։
  • Ինչքան հետ ենք քաշվում, Ադրբեջանն ու թուրքերն առաջ են գալիս՝ Արևմտյան Հայաստան, Զանգեզուրի միջանցք, Սյունիք, պատմական հուշարձաններ… Դե եկե՛ք Սարդարապատից էլ հրաժարվենք, Ծիծեռնակաբերդից էլ, Մատենադարանն էլ փակենք, մեր անուններն էլ փոխենք։
  • Սփյուռքը պառակտված է, Հայաստանից կտրված է՝ Հայաստանում իշխող խմբի շնորհիվ։ Ի՞նչ իմաստ ուներ Ցեղասպանության վերաբերյալ ռեզոլյուցիաներ ընդունել 360 տարի շարունակ, եթե դուք շարունակում եք հանդուրժել Ցեղասպանության վերջին էջը, որը գրում է Հայաստանի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս