Երկար դասամիջոցին. Լևոն Ջավախյան
Ուրեմը «Սովետական Հայաստան» թերթում մի լրագրող կար` Սաշիկ անունով։ Պուճուր-մուճուր տղա էր՝ շեկի վրա, արտահայտիչ բարակ բեղերով, որոնք մերթընդմերթ ներքին ծնոտի ատամներով փաղաքշում էր բերանի շարժի զարմանալի ճարպկությամբ։ Սրա լրագրողական երևակայությունը էրկու նախադասությունից դենը չէր զորում։ Ու էդպես էրկունախադասությունանոց ինֆորմացիաներ էր գրում։ Հավելյալ վարձատրության մի միջոց էլ ուներ. մտնում էր էս պաշտոնյայի կաբինետը, էն պաշտոնյայի կաբինետը ու առաջադրում իր խնդրանքը։ Որպես կանոն, խնդրանքը սկսվում էր հետևյալ նախադասությամբ.
– Ես որբ ու անտեր տղա եմ…
Էդպես կաբինետից կաբինետ անցնելով՝ տունուտեղի, ունեցվածքի տեր էր դարձել՝ միևնույն ժամանակ զարգացնելով իր այցելությունների շառավիղը։ Այլ միջոցներ էլ կային։ Փողոցներում վխտում էին զանազան ավտոմեքենաներ։ Ծեր մայր ուներ։ Մեկ էլ իր ռեժիսուրայով կազմակերպվում էր մայրիկի զգույշ բախումը պատահական ավտոմեքենայի հետ, որի թշվառ վարորդը, որպես կանոն, բարեհաջող ավարտի համար գլուխը պրծցնում էր մի կլորիկ մաղարիչով։ Բայց ամեն հետ չէ, որ մաման կարող էր գաթա ուտել։ Էնպես որ, հիմնական միջոցը մնում էր պաշտոնյաների դռները թակելը։ Դա, իհարկե, պայմանավորված էր նաև բրգաձև բյուրոկրատական ապարատի գագաթը մագլցելու նրա համառությամբ։
Էդպես գնացել հասել էր մինչև Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի ընդունարան։ Նրա բարեգութ ուղեկիցն էլ ո՞վ էր` Կենտկոմի ագիտպրոպագանդայի բաժնի վարիչը` ընկեր Գևորգ Հայրյանը, ով հիմնականում ավելի շատ Կենտկոմի ֆոլկլորը, կոլորիտն ու առօրյա հումորն էր ապահովում, քան մարքսիզմ-լենինիզմի գաղափարների քարոզն ու սերմանումը։ Առանց կատակի Կենտկոմի աշխատանքը դաժան էր ու խստաշունչ։ Ուրեմն, էս մարդը մինչև Սաշիկի առաջ Քոչինյանի դուռը բացելը որոշ բացատրական աշխատանք էր տարել։ Ասել էր.
– Սաշի՛կ, էն որ ասում են՝ հիմա թագավոր չկա, դա հնարած սուտ է։ Կա՛, ու հիմա գիտե՞ս ով է մեր թագավորը…
– Ո՞վ ա…,- աչքերը զարմանքից չռել ու հարցրել էր Սաշիկը։
– Անտոն Քոչինյանը,- հաստատակամ ասել էր Կենտկոմի ագիտպրոպագանդայի վարիչը։
– Հասկացա,- կոպերը մի կերպ իրար բերելով՝ աչքերը կկոցել էր Սաշիկը։
– Բայց գիտե՞ս ոնց են թագավորի մոտ գնում։
– Ոոոո՞նց,- անհագ հետաքրքրությամբ կակազել է Սաշիկը։
– Չոքեչոք,- իր պնդման մեջ անհողդողդ էր ընկեր Հայրյանը։
Ու Կենտկոմի առաջին քարտուղարի կարմրաշեկ դուռը զգույշ ճռռոցով բացվել է Կենտկոմի ագիտպրոպագանդայի բաժնի վարիչ ընկեր Հայրյանի թեթև ձեռամբ։ Հիմա պատկերացրեք Անտոն Քոչինյանի վիճակը… Հե՜ռու-հեռու՝ լայնածավալ կաբինետի հեռավոր երկփեղկ դռան տակի մթությունից մի մարդ էր սողում, չէ՛, ոնց որ չոքեչոք գալիս էր… Եթե ինվալիդ էր, էնքան էլ հաշմանդամի նման չէր․ ճարպիկ եռանդուն շարժով քառասունից քառասունհինգամյա տղամարդ էր, չոքեչոք սենյակի երկարությունը ժիր ու արագընթաց հաղթահարում էր։ Ծիծաղը` ծիծաղ, բայց Անտոն Երվանդիչն էլ հո Սաշիկի պես միամիտ չէ՞ր… Հեռախոսի ընկալուչը վերցնում է ու պոռթկում.
– Հայրյանին շտա՛պ ինձ մոտ…
Կենտկոմի քարտուղարի բարկացկոտ հայացքն արգելակեց Սաշիկին։ Մի բան պարզ էր․ ոնց եկել էր, էնպես էլ պիտի հետ գնար. ոնց որ հաշմանդամի սայլակ, կտրուկ զադնի դրեց։ Սփրթնել էր։ Հանաք մարդ չէր, ի՞նչ իմանար, իրեն ի՞նչ է սպասվում։ Իսկ Անտոն Երվանդիչն ընդամենը սպասում էր Գևորգ Արմենակովիչին։ Հայրյանը եկավ ու զինվորականի պես ձգվեց Կենտկոմի առաջին քարտուղարի առջև։ Մարմինը զգաստ էր, բայց սեղմված ատամները հազիվ էին զսպում ժայթքող փռթկոցը։ Քարտուղարի դեմքը քարտուղարական էր, խիստ, միայն թե աչքերի ասեղնտող լույսը մատնում էր տիրոջ բուն տրամադրությունը։
– Գևորգ Արմենակովիչ,- ասաց,- ի՞նչ է, Կենտկոմի քարտուղարին փադիշահի տեղ եք դնո՞ւմ…
– Անտոն Երվանդիչ,- ասաց Հայրյանը՝ մեղավոր ժպիտը դեմքին, միաժամանակ շփացած աշակերտի համարձակությամբ,- դե, ես ի՞նչ անեմ, էդ մարդը հոգիս հանեց… Դե, մարդը որ էշ ա, պիտի էշի տեղ էլ դնես…
Կենտկոմի քարտուղարը այլևս անկարող էր ծիծաղը զսպել։ Ծիծաղում էին երկուսով, անբռնազբոս, բարձր՝ մոռացած կուսակցական պատկանելությունը, դիրքը, պաշտոնը, նույնիսկ բարձրագույն ապարատը խորհրդանշող մռայլ կաբինետի անմիջական ներկայությունը։ Արցունքը հեղեղի պես ցայտում էր աչքերից։ Անտոն Երվանդիչը փութկոտ շարժումով գրպանից հանեց թաշկինակը, սրբեց այտերին դեռևս պսպղացող կաթիլները, մի պահ լրջացավ ու խոժոռ հայացքը ուղղեց Գևորգ Հայրյանին։
-Գևորգ Արմենակովիչ,- ասաց,- լավ հիշեցրիր… Էսօր մի էշգզողի հարց ենք լսելու Կենտկոմի բյուրոյում… Չգիտեմ ինչի, ձեռքս չի գնում էդ ախմախին կուսակցական տույժի ենթարկել, անպայման ներկա կգտնվես, տեսնենք ի՞նչ ենք անում…
Բյուրոյի նիստը նշանակված էր առավոտյան ժամը 10-ին։ Ձայնը տրվում է գաղափարական գծով քարտուղարին։
– Ընկերնե՛ր,- սկսեց բանախոսը,- այժմ, քան երբեք, սրված է հակամարտ կողմերի` բուրժուական արևմուտքի և սոցիալիստական արևելքի պայքարը և մրցակցությունը հանուն արդար ու արժանապատիվ կյանքի։ Անտագոնիստական այս երկու ուժերի միջև պայքարը գնալով սրվում է։ Ավելի ու ավելի են նկատելի դառնում սոցիալիստական կացութաձևի առավելությունները կապիտալիզմի նկատմամբ։ Հիմա, քան երբեք, առաջնային է դառնում կոմունիստական իդեալներով սնուցվող կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսի ձևավորումը։ Սակայն այս ամենի կողքին, այնուամենայնիվ, մեր հասարակարգում անգամ երևան են գալիս սոցիալիստական հասարակությանն անհարիր արատավոր երևույթներ, որոնք ստվերում են մեր ձեռքբերումները ինչպես նոր մարդու դաստիարակման գործում, այնպես էլ գաղափարական ճակատում…
– Խոսեք ըստ էության,- միջամտեց Անտոն Երվանդիչը։
– Կոմունիստական կուսակցության անդամը,- շարունակեց գաղափարական գծով քարտուղարը,- ում պարտիան և կառավարությունը վստահել է գյուղական կոլտնտեսության մի ողջ համայնքի ղեկավարումը, դրսևորելով մեր կյանքին ու բարոյականությանն անհարիր վարք՝ գյուղին մերձակա արոտավայրում սիրավեպ է ունեցել անմեղսունակ կենդանու հետ, որը դրսևորվել է էշի հետ անմիջական սեռական կապով…
Գործով մեղադրյալը Ալափարս գյուղի կոլեկտիվ տնտեսության նախագահն էր՝ քառասունին մոտ, խոշոր կազմվածքով, ցորնագույն դեմքով եռանդուն մի մարդ։ Նա կանգնած էր գլխահակ, դեմքն ամբողջովին ողողված քրտինքով, որի կաթիլները սպիտակ շաղի պես գնալով խոշորանում էին, դառնում գնդասեղի գլխիկի չափ ու գունդ առ գունդ կաթկթում ոտնատակի մանրահատակին։
– Իսկ արդյո՞ք դա եղել է… Պահանջում ենք… պահանջում ենք… թող երդվի պարտիական տոմսի վրա, անհապաղ երդվի և խոստովանի բուն ճշմարտությունը…,- եղավ առաջարկ մասնակիցների կողմից։
Առաջարկն ուղեկցվեց փոքր-ինչ ժխորով։ Կուսակցական ընդունված կարգ էր․ ասված էր՝ պիտի կատարվեր։ Կոլխոզի նախագահը ձեռքի կարմիր անդամատոմսը դրեց կրծքին։ Աչքերի անկյուններից զուլալ կաթիլներ էին բխում ու մարգարտաշար իջնում քթարմատի հիմքի երկայնքով։ Սուրբ զգացում էր։ Կրծքի հևքի ու սրտի զարկերի ձայնը այդքան մոտիկից երբեք չէր լսել։
– Կոմունիստի խոսք եմ տալիս,- ասաց բեկբեկված ձայնով,- ասել ճիշտը, միայն ճիշտը…
– Լսում ենք,- Անտոն Երվանդիչը համակ ուշադրություն էր։ Ներկաները՝ առավել ևս։ Լռություն։ Միայն մի անամոթ ճանճ էր, որ բզզում էր ու բզզում` շուրջանակի պտտվելով կոլխոզի նախագահի կարտոֆիլի մեծության քթի շուրջը։ Բայց դրա զահլեն ո՞վ ուներ… Պատմում էր.․․
– Առաջին անգամ,- սկսեց երերուն ձայնով,- դա եղել է 1929 թվականի Մեծ բեկումից առաջ, երբ նոր էր թափ առնում կոլեկտիվացումը…,- և քանի որ ձեռքի կուսակցական անդամատոմսը դրել էր կրծքին ու երդվել, որոշել էր առավելագույնս անկեղծ ու շիտակ լինել։ -Էն ժամանակ դպրոցի աշակերտ էի,- ձայնն ավելի ու ավելի էր համարձակություն ձեռք բերում,- մեր դպրոցը գտնվում էր ձորի բերանին։ Հենց որ երկար դասամիջոցը գալիս էր, էրեխանցով մեզ գցում էինք ձորը։ Էնտեղ միշտ էշ կար։ Միջի ջանավարը ես էի, մինչև էն մանր-մունրը տեղ հասներ, արդեն ես իմ փայ էշի հարցերը լուծած էի լինում… Հետո հերթը հասնում էր մյուսներին… Ադաթ էր։
– Ինչպե՞ս կարելի է…,- վրդովվեց իդեոլոգիայի գծով Կենտկոմի քարտուղարը,- էքզիստենցիալիզմի, կլասիցիզմի գոյաբանական պայքարի ժամանակ, բուրժուական պրագմատիզմի և սոցիալիստական ռոմանտիզմի հակասությունների սրման խաչմերուկում, երբ ավելի վճռորոշ են դառնում սոցիալիստական կացութաձևի առավելությունները կապիտալիզմի նկատմամբ, այնուամենայնիվ, մեր հասարակարգում երևան են գալիս բուրժուական հասարակարգից մնացած անբարո երևույթներ, որոնք խաթարում են սովետական քաղաքացու վեհ կերպարը, ստվեր գցում…
– Ա՛յ մարդ,- ի՞նչ էքզիստ-մեքզիստ, ռոմանս ու կլաս…,- դժգոհեցին տեղից,- դուք ձեր առաջարկը արեք, առաջա՛րկը…
Գաղափարական գծով քարտուղարը մի պահ չգիտեր անելիքը, հետո ուղղեց ակնոցի շրջանակը. պլպլան ապակիների տակից պարզորոշ երևում էին պաղ ու անհաղորդ ակնագնդերը՝ անբնականորեն խոշորացված մութ բիբերով։
-Առաջարկում եմ,- ասաց վճռական և անվարան,- կուսակցական խիստ նկատողություն` կցելով անձնական թերթիկին։
Գևորգ Հայրյանը նստած տեղից բարձրացավ։ Ճիշտ ժամանակն էր։ Աչքերի մեջ թաքնված խորամանկ ժպիտ կար, որն առայժմ ծածուկ էր պահում կոպերի վարագույրը։
– Ընկերնե՛ր, ընկերնե՛ր…,- բացականչեց,- եկեք չշտապենք…,- ճիշտ որ ճիշտ ժամանակն էր կուսակցական բարձրաստիճան ընկերների աչքերը բացելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ընդամենը հանել նրանց աչքի գերանը։ Եվ խոսեց, խոսեց… Կոպերի վարագույրը իսպառ վեր էր թռել` ցուցանելով եղելության տակն ու գլուխը։
– Ո՞ւմ չի հայտնի,- ասաց,- որ մենք գրեթե բոլորս գյուղի զավակներ ենք։ Պարտիայի կոչով եկել ենք քաղաք, որ մեր սովետական երկիրն ավելի շենացնենք…,- էստեղ էր, որ Գևորգ Արմենակովի խորամանկ ժպիտը կայծկլտաց ու միանգամից դուրս սպրդվեց,- դե, հիմա,- ասաց,- ձեռքներս դնենք մեր կուսակցական անդամատոմսի վրա ու խոստովանենք… Մեզնից ո՞ր մեկը ջահելության ժամանակ էշ չի սիրահետել…
Տիրեց անախորժ լռություն։ Յուրաքանչյուրը պրպտման մեջ էր։ Խոստովանե՞լ, թե՞ չխոստովանել` այս էր խնդիրը։ Բա Պարտիական տո՞մսը… Գաղափարական գծով քարտուղարը կատարյալ շփոթի մեջ էր։
– Եեեես… եեեես… քաղաքում եմ ապրել… մե… մե… մեր քաղաքում էէէշ չչչկար,- ասաց։
– Դուք էլ կատու կլինեք արած,- ասաց Արմենակովիչը։
Ծիծաղ, հռհռոց, աղմուկ… Նիստը դառնում էր անկառավարելի։ Բյուրոյի անդամներից ամենակարճահասակը, որին թվում էր, թե ինքն ամենաանբասիրն է, պիոներական պատրաստակամությամբ ձեռքը առաջ պարզեց։
– Ես ձեռքս դնում եմ կուսակցական տոմսին ու երդվում. նման զանցանք չեմ գործել,- ասաց։
– Որ բոյդ հասներ, կգործեիր,- հակադարձողը կրկին Գևորգ Արմենակովիչն էր։
Դե, արի ու դիմացիր։ Նիստը ձեռքից գնում էր։ Բերանը սոսկ բերան չէր, որ ուտեր, խմեր կամ էլ խոսար։ Այն խորշ էր, ձայնեղ խորշ, որտեղ պահվում էր ծիծաղի ռումբը։ Աշխարհն, այո՛, շուռ էր եկել։ Ռումբը պայթել էր։ Անտոն Երվանդիչը ձեռքի գրիչով իզուր թակում էր ջրով լի գրաֆինը։ Չխկչխկոցն ասես ստորադասներին չվերաբերեր։ Այնուամենայնիվ, Կենտկոմի առաջին քարտուղարը զորավոր էր։ Սսկվեցին։
– Ի՞նչ եք առաջարկում,- պողպատյա ձայնը ելք էր փնտրում։
– Առաջարկում եմ…
Փողկապը սեղմում էր Գևորգ Արմենակովիչի կոկորդը։ Գնալով նրա գոյությունն ավելի էր անտանելի դառնում։ Կուսակցական հագուկապ էր, ոնց որ թոկով կապած կենդանի։ Կապը փոքր-ինչ թուլացրեց։
-Առաջարկում եմ,- ասաց,- զանցառուին մի այլ շրջան գործուղել, հեռավոր մի շրջան… Որքան ինձ հայտնի է,- ասաց,- ընկերը սոցիալիստական աշխատանքի հարվածային է, կոլտնտեսային կյանքի հմուտ կազմակերպիչ, իսկ հեռավոր շրջաններում հետ մնացող տնտեսություններ շատ կան։ Կարծում եմ, որ նա անբասիր աշխատանքով կքավի իր մեղքը հասարակության առաջ, ոտքի կկանգնեցնի հետ մնացող տնտեսությունը… Սակայն…
Գևորգ Արմենակովիչը լռեց, ասես թափ հավաքեր վճռական գրոհից առաջ, ապա կոկորդը մաքրելով՝ ասաց.
-Սակայն մի պայմանով… Էդ գյուղում պիտի էշ չլինի…
Ծիծաղակիր մի ռումբ էլ պայթեց։ Կենտկոմի առաջին քարտուղարի կամքը անկոտրում էր։ Անտոն Երվանդիչը բռունցքը զարկեց սեղանին։ Վճռված էր։
Լևոն Ջավախյան
21.01.2024թ.