Հայաստանը 37.5 միլիոն դոլար է վճարել՝ անդամակցելով մի բանկի, որի հիմնադիրների թվում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան

Հայաստանի Կառավարությունը որոշել է պետական բյուջեից ահռելի միջոցներ հատկացնել և անդամակցել մի բանկի, որի հիմնադիրներն են, ի թիվս այլ երկրների, Թուրքիան և Ադրբեջանը։

Խոսքն այս դեպքում վերաբերում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին, որը հիմնվել է 2015 թվականին Չինաստանում։

Բանկի գործունեության նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն և բարելավել ենթակառուցվածքներ՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում, խթանել տարածաշրջանային զարգացումը Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանում՝ այլ միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ։

Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, իսկ հիմնադիր 57 անդամ երկրների թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) և Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։

Կառավարությունն այս բանկին անդամակցելու համար ձեռք է երել 374 բաժնեմաս՝ ընդհանուր 37 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

Թե որտեղի՞ց է Հայաստանն այս գումարը հատկացրել, հայտնի չէ: Ըստ Ֆինանսների նախարարության առաջարկության, այս գումարի հատկացումը բացասաբար է անդրադառնալու ՀՀ պետական բյուջեի վրա, հատկապես, որ ՀՀ 2023թ. պետական բյուջեի մասին օրենքով և 2024-2026թթ. ՄԺԾԾ-ով ԵՆԱԲ-ին բաժանորդագրության ուղղությամբ ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Ուշագրավ է, որ Կառավարությունն այսքան գումար է հատկացրել և անդամակցել մի բանկի, որի հետ ստորագրած համաձայնագիրը հակասում է Հայաստանի օրենսդրությանը։

Խնդիրն այն է, որ, ըստ այդ համաձայնագրի, Բանկն անձեռնմխելի է ցանկացած տեսակի իրավական գործընթացների նկատմամբ՝ որոշ բացառություններով։

Բանկի բոլոր կառավարիչները, տնօրենները, նրանց տեղակալները, Նախագահը, փոխնախագահները և մյուս պաշտոնատար անձինք ու աշխատողները, այդ թվում՝ Բանկի համար հանձնարարություններ կատարող կամ ծառայություններ մատուցող փորձագետներն ու խորհրդատուները, անձեռնմխելի են ծառայողական պարտականությունների ընթացքում իրականացված գործողությունների հետ կապված դատական գործընթացների նկատմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը հրաժարվում է անձեռնմխելիությունից: Բանկը նաև օգտվում է իրենց բոլոր պաշտոնական փաստաթղթերի և արձանագրությունների անձեռնմխելիությունից։

Մինչդեռ, ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած առարկության՝ Համաձայնագրի այդ կետը հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ և 433-րդ հոդվածների՝ քրեադատավարական անձեռնմխելիությունից օգտվում են միայն դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձինք։

Տեսանյութեր

Լրահոս