
«Թուրքիայի հետ համագործակցության նոր էջ ենք սկսել». Իրանի արգործնախարար

Իրանի արգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը X-ում (Twitter) կատարած գրառմամբ անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանցի նախարարը, հիշեցնելով, որ երկու երկրի ղեկավարներն առևտրի, ներդրումների, տնտեսության, մշակույթի, սահմանային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մի շարք (10 համաձայնագիր – խմբ.) համաձայնագրեր են ստորագրել, նշել է.
«Մեր մեծարգո նախագահի Թուրքիա կատարած պաշտոնական այցի արդյունքները երկու երկրների միջև երկկողմանի և տարածաշրջանային համագործակցության նոր էջի սկիզբ է»:
Հիշեցնենք, որ Ռայիսին Էրդողանի հրավերով Թուրքիա էր մեկնել հունվարի 23-ին, որտեղ երկկողմ հանդիպումից զատ տեղի էր ունեցել նաև միջպատվիրակային հանդիպում և Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը: Երկու ղեկավարները մասնակցել էին նաև «Թուրքիա-Իրան գործարար համաժողովին»: