Ադրբեջանին նոր տեղեկություններ կհաղորդվեն. ԱԱԾ
Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:
ՀՀ ԱԱԾ–ն հայտնում է, որ 8 նոր տեղեկամատյանները հայտնաբերվել են ԼՂ նախկին զինծառայողների շրջանում հարցումային աշխատանքների շնորհիվ, որոնք վերսկսել են վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո։
Ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունն արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ):
«Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել` Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ և հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Հայկական կողմը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով:
Հիշեցնենք, որ հունվարի 23–ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր` չի բացառում, որ ՀՀ–ն ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն կփոխանցի Ադրբեջանին, քանի որ տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։