Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերե՞լ են. Թովմասյանը գրավոր կպատասխանի
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը պարզաբանեց, որ Կոմիտեի Մեղրիի մասնաճյուղի գրասենյակը չի փակվել, պարզապես երկու աշխատակիցներն աշխատանքից դուրս են եկել։ Առաջիկայում մրցույթ կհայտարարվի, մասնաճյուղը կունենա աշխատակից, և այն կշարունակի իր գործունեությունը։
Լրագրողները Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցին՝ օտարերկրացիները շարունակո՞ւմ են Հայաստանում ձեռք բերել անշարժ գույք, Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներ կա՞ն նրանց մեջ։
Պաշտոնյան պատասխանեց, որ իր ձեռքի տակ չկան վիճակագրական տվյալներ։
«Ամբողջ 23 թվականի տվյալներն ամփոփվում են, մինչև հունվարի 26-ը կհրապարակվեն մեր կայքէջում, այնտեղ կան որոշակի տվյալներ։ Եթե ձեզ կոնկրետ պետության քաղաքացիներ են հետաքրքրում, պաշտոնական հարցում ուղարկեք՝ կարճ ժամանակում կպատասխանենք»,- նշեց Ս. Թովմասյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ 2019 թվականին է եղել, երբ Թուրքիայի մեծ թվով քաղաքացիներ ՀՀ-ում անշարժ գույք են ձեռք բերել, Կադաստրի կոմիտեի ղեկավարն արձագանքեց, թե հիշում է՝ ժամանակի վիճակագրական տվյալներով այդպիսին էր։
«Երբ թվերը ստանաք՝ կհամեմատեք 2017 թվականի կամ 2019 թվականի հետ։ Ես օրական կտրվածքով չեմ կարող հետևել, թե որ պետության քաղաքացին գույք է առնում, կամ չի առնում։ Երբ տվյալները ամփոփվեն, դրանից հետո հարցեր եթե առաջանան, գրավոր դիմեք՝ կպատասխանենք», – ասաց պաշտոնյան:
Ապա նա պատասխանեց անշարժ գույքի ձեռքբերման սահմանափակմանը վերաբերող հարցին.
«ՀՀ-ում անշարժ գույքի ձեռքբերման սահմանափակում կա միայն գյուղատնտեսական նշանակության հողերի վրա, դրանք այլ պետությունների քաղաքացիներ չեն կարող ձեռք բերել։ Մնացած դեպքերում բոլորն էլ կարող են դիմել և համապատասխան գործարքի կողմ դառնալ»։
Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայում նկատվող միտումներին, Սուրեն Թովմասյանն ասաց, որ նախնական տվյալներով՝ կա գործարքների թվի աճ ամբողջ հանրապետությունում։ Երևանում որոշակի նվազում է գրանցված, սակայն մարզերի գործարքների ակտիվությունն անհամեմատ մեծ է։
Կադաստրի կոմիտեի ղեկավարից լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե Ադրբեջանի հետ դեմարկացիան և դելիմիտացիան ո՞ր թվականների քարտեզներով է իրականացվելու, քանի որ Կադաստրի կոմիտեի նախագահի երկու տեղակալները սահմանազատման հանձնաժողովում են և հավանաբար տեղեկություններ ունեն։
«Ամենակարևորն այստեղ իրավական գնահատականն է, միայն իրավական գնահատականի հիման վրա կարելի է ասել, թե որ քարտեզներով տեղի կունենա սահմանազատումը, այս աշխատանքները տարվում են։ Կա խումբ, փոխվարչապետի գլխավորությամբ, եթե լինեն արդյունքներ, դրա մասին կհրապարակեն»,- եզրափակեց պաշտոնյան։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում