Ֆրանսիայում ֆերմերներն արգելափակել են բեռնատարների մուտքը դեպի Լա Մանշ
Բողոքող ֆրանսիացի ֆերմերները, դժգոհելով կառավարության քաղաքականությունից, արգելափակել են բեռնատարների մուտքը դեպի Կալե նավահանգիստ, որտեղից իրականացվում է բեռների տեղափոխումը Լա Մանշով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ֆերմերները փակել են դեպի Մեծ Բրիտանիա ուղևորվող ապրանքներով բեռնատարների հիմնական մուտքի ճանապարհը դեպի Կալե նավահանգիստ», – ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, ֆերմերները չեն խոչընդոտել զբոսաշրջիկներ տեղափոխող տրանսպորտային միջոցների շարժը։ Արգելափակվել են նաև A16 մայրուղու այն հատվածները, որոնք տանում են դեպի Եվրաթունել, Լա Մանշի տակով երթևեկությունը չի խաթարվել։
Ֆրանսիայում վերջին շաբաթների ընթացքում ֆերմերների բողոքի ակցիաները նոր թափ են ստանում: Նրանք փակում են առանցքային մայրուղիները տրակտորներով, խոտի դեզերով ու գոմաղբի կույտերով։ Ֆերմերները աղբ են նետում նաև պրեֆեկտուրաների և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա։ Ֆերմերների առաջատար արհմիությունը հայտարարել է գործողությունների անժամկետ երկարաձգման մասին, որը մինչև շաբաթվա վերջ կընդգրկի երկրի 96 վարչատարածքային միավորներից 85-ը։
Ֆերմերները պահանջում են ճանաչել իրենց մասնագիտության կարևորությունը և դատապարտել կառավարության գյուղատնտեսական քաղաքականությունը, որն, ըստ նրանց, ֆերմերներին դարձնում է անմրցունակ: Նրանք, մասնավորապես, դեմ են գյուղմթերքների ներմուծմանը, ոռոգման համար ջրի օգտագործման սահմանափակումներին, դիզվառելիքի ինքնարժեքի բարձրացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության սահմանափակող միջոցառումներին և արտադրության աճող ֆինանսական բեռին։