ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ուսուցիչ արդեն գործուղվել է մարզեր՝ դպրոցներում աշխատելու

Կլիմայի փոփոխությամբ, հակամարտություններով, տեղահանություններով, համաճարակներով պայմանավորված ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալներով աշխարհում կրթությունից դուրս է մնում մոտ 250 մլն երեխա և օրեցօր այդ թիվն աճում է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշեց, որ կրթական գործընթացի վրա ամենամեծ ազդեցությունն ունենում է կլիմայի փոփոխությունը, աղետները:

«250 մլն ցուցանիշը հաշվարկվում է կորոնավիրուսի ժամանակաշրջանից սկսած։ Ինչպես գիտենք, այդ ժամանակ ստեղծված իրավիճակը մեծ ազդեցություն թողեց կրթական գործընթացների վրա։ Դրանից բացի, 2020 թվականին Պակիստանում մեծ ջրհեղեղ եղավ և 26 հազար դպրոց փլուզվեց։ Հազարավոր դպրոցներ ավերվեցին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Եթովպիայում շարունակական երաշտ է, որի հետևանքով տուժած համայնքներում բնականոն կյանքը խաթարվում է և երեխաները զրկվում են կրթության հնարավորությունից։ Կրթության ընդհատումները բերում են բացեր ու դրանք չլրացնելու, մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ աշխատանք չկատարելու պարագայում լուրջ տնտեսական խնդիրներ կարող են առաջանալ»,-ասաց Ալվարդ Պողոսյանը։

Հայաստանը ևս անմասը չմնաց այդ միտումներից ու 2023 թվականին առերեսվեց ղարաբաղյան հակամարտության սրացմանը, որի հետևանքով 100 հազարից ավելի արցախցիներ բռնի տեղահանվեցին։ Հայաստանում նրանց կեցության ու սոցիալական հարցերը կարգավորելուց զատ կարևոր էր երեխաների կրթության շարունակականության ապահովումը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, գործընկեր միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ ծավալուն աշխատանք կատարեց արցախցի երեխաներին դպրոցներում տեղավորելու, նրանց կրթության շարունակականությունն ապահովելու համար։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը տեղեկացրեց, որ վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունում։

«Սկզբնական փուլում երեխաները դպրոցներում տեղավորվեցին անկախ անհրաժեշտ փաստաթղթերից։ Դրանից հետ կատարվեց նրանց կարիքի գնահատումը, շատ արագ փորձեցինք վեր հանել եղած խնդիրները, ըստ դրա էլ մշակվեցին աջակցության ծրագրերը։ Աջակցություն ցուցաբերվեց ոչ միայն հոգեբանական, այլև կրթական ծառայությունների առումով, հատկապես բարձր ավարտական դասարաններում սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման հարցում։ Բոլոր աշակերտներն ապահովվեցին նաև անհրաժեշտ դասագրքերով»,-ասաց Ստալ Սարդարյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի խոսքով՝ կարիքների գնահատումը ցույց տվեց, որ հիմնական բացերից մեկը գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների, այլ պարագաների բացակայությունն էր։ Նախարարությունը, համայնքները, միջազգային ու տեղական կազմակերպությունները լծվեցին այդ պարագաների ձեռքբերման ու տրամադրման գործին։

«Այդ փուլում կարևոր էր հյուրընկալող դպրոցների հետ աշխատանքը, որպեսզի կարողանային ինտեգրումը սահուն ապահովել։ Շատ ցցուն էին երեխաների հոգեբանական, սոցիալական խնդիրները, հաղորդակցման դժվարությունները։ Այստեղ մեծ աշխատանք էր տարվում դպրոցների հոգեբանների հետ։ Սկզբնական շրջանում դժվարություն կար այս երեխաներին դպրոց բերելու հարցում, որովհետև անորոշ վիճակ էր, թվում էր, թե ինչ-որ փուլից հնարավոր է վերադառնան իրենց տներ։ Մեծ աշխատանք պահանջվեց, որ այդ երեխաները գան դպրոց»,-ասաց Ալվարդ Պողոսյանը։ Մյուս խնդիրն այն էր, որ ԼՂ-ում եղած ժամանակ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, նրանցից շատերը բաց էին թողել կրթական ծրագրեր։ Անհրաժեշտություն կար այս ուղղությամբ ևս հավելյալ աշխատելու։

Այս ընթացքում մշակվեց և իրագործվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագիրը։ Կառավարության որոշմամբ հաստատվեց գործուղման կարգ, որով հնարավորություն տրվեց արցախցի ուսուցիչներին գործուղել մարզեր և աշխատել այնտեղ գտնվող ուսումնական հաստատություններում։ Նրանց տրամադրվում է մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճար։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքի դպրոցներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ համայնքների ուսումնական հաստատություններում բացի աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճարից, հավելյալ ֆիքսված 50 հազար դրամ լրավճար է նախատեսվում։ Վերջին տվյալներով ստացվել է 300 դիմում, արդեն 250 ուսուցիչ գործուղվել է և աշխատում է մարզային ուսումնական հաստատություններում։ Սա կօգնի նաև մարզային դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքները լրացնել։

Տեսանյութեր

Լրահոս