Բաժիններ՝

Իրաքում հայտնել են Էրբիլում միջազգային կոալիցիայի ռազմակայանը թիրախավորող 3 ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Իրաքյան Քուրդիստանի հակաահաբեկչական ծառայությունը հայտնել է, որ խափանել է միջազգային կոալիցիայի ռազմակայանի վրա 3 անօդաչու թռչող սարքերի հարձակումը ինքնավար մարզի վարչական կենտրոն Էրբիլում։ Այս մասին հաղորդում է Shafaq News պարբերականը։

Ըստ հրապարակման՝ պայթուցիկով բեռնված ԱԹՍ-ները խոցվել են տեղի ժամանակով ժամը 05:05-ին (Երևանի ժամանակով 06:05-ին):

«Խոցվել և ոչնչացվել են պայթուցիկներով բեռնված երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք թիրախավորել էին միջազգային կոալիցիայի ռազմակայանը Էրբիլի միջազգային օդանավակայանում», – հայտարարել է հակաահաբեկչական ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդել է, որ բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին՝ դա բացատրելով տարածաշրջանում հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողություններով։ Մինչ այդ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։

Էրբիլի իշխանությունները հաղորդել են, որ ԻՀՊԿ-ի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս