Սեզոնային վիրուսների պատճառով Վրաստանի հիվանդանոցները ծանրաբեռնված են
Վրաստանում բժշկական հաստատություններ այցելությունների թիվն աճել է սեզոնային վիրուսային հիվանդությունների պատճառով: Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վրացի բժիշկները խոսում են վիրուսային հիվանդությունների տարածման կտրուկ աճի մասին։ Նրանց խոսքով՝ հիվանդանոցները լեփ-լեցուն են, հատկապես՝ մանկական բաժանմունքները։
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտարարել է, որ առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, և այս իրավիճակը բնորոշ է վիրուսային սեզոնին։
Երկրում հիմնականում շրջանառվում է A տիպի գրիպի վիրուսը, որի հիմնական ախտանիշներն են բարձր ջերմությունը, գլխի և հոդերի սաստիկ ցավերը, արտահայտված թուլությունը։
«Հիվանդությունը տևում է հինգից յոթ օր, սակայն բարդությունների դեպքում կարող է տևել մինչև երկու-երեք շաբաթ»,- ասել է վարակաբան Ալեքսանդրե Գոգինավան։
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում բուժհաստատություններ դիմողների թիվն ավելացել է: Պետք է նշել, որ ավելի հաճախ դիմում են ռիսկի խմբում գտնվող մարդիկ. դրանք տարեցներն են և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիները», – հայտարարել է պրոֆեսոր Մակա Բուլեիշվիլին:
Ավելի վաղ Վրաստանի նախկին գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ երկրում տիրող համաճարակաբանական իրադրության հետ կապված խուճապի հիմքեր չկան, սակայն իրավիճակը պահանջում է ուշադրություն։
Հիվանդության դեպքում գլխավոր խորհուրդներն են մարմնի ջերմաստիճանի հսկողությունը, մեծ քանակությամբ հեղուկների օգտագործումը և բարդությունների դեպքում բժշկի դիմելը: